Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Անհնար է պատկերացնել ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ջանքերի համատեղումը»


Վլադիմիր Կարապետյան
Վլադիմիր Կարապետյան
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի կարող համագործակցել Դաշնակցության հետ Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությունում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Ի պատասխան հարցի, թե հաշվի առնելով վերջերս ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հնչեցրած առջարկությունը` քրեորեն պատժելի դարձել Հայոց ցեղասպանության հերքումը, եւ Դաշնակցության նախաձեռնությունը, որը նույն նպատակով առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, հնարավո՞ր է արդյոք ՀԱԿ - ՀՅԴ համագործակցություն գոնե այս հարցում, Կարապետյանը ասաց նաեւ, թե ի նկատի ունենալով Դաշնակցության «ոչ լիարժեք» դիրքորոշումը` ուղղված հայ - թուրքական արձանագրությունների ընդունումը կանխելուն, անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է համատեղել Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության ջանքերը:

«Մեր պահանջը նույնն է` Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կարծում եմ, որ երբ Դաշնակցությունը ի վերջո միանա մեզ կամ ինքնուրույն հանդես գա նման առաջարկով` հասկանալով, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը հայտնվել այդ արձանագրություները ստորագրելուց առաջ եւ ստորագրելուց հետո, շատ ավելի դյուրին կլինի խոսել այդ համագործակցության մասին», - նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Այդքանով հանդերձ, անդրադառնալով Դաշնակցության նշված նախաձեռնությանը` Վլադիմիր Կարապետյանը ասաց. - «Ես չեմ ուզում այսօր մեկնաբանել բուն նախաձեռնությունը ամբողջությամբ, որովհետեւ ծանոթ չեմ, բայց ինքը գաղափարը ինձ շատ առողջ է թվում»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը խոսեց նաեւ Թուրքիայի խորհրդարանում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարի մասին: Նրա կանխատեսմամբ` թուրքական կողմը կձգձգի վավերացման գործընթացը, իսկ հայ - թուրքական սահմանի վերաբացման մասին արձանագրությունը ընդհանրապես չի վավերացնի:

«Առաջին հերթին, Թուրքիան առաջնորդվելու է Ադրբեջանի շահերով», - ասաց Կարապետյանը: - «Ի սկզբանե Թուրքիայի նպատակը այս գործընթացում եղել է այլ, քան սահմանի բացումը: Այդ գործընթացով Թուրքիան հասավ իր հիմնական նպատակին` ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացում: Այսօր Թուրքիան Հայաստանի թեթեւ ձեռքով դարձավ լիարժեք գործող անձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG