Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 22-ի մամուլ


«Առավոտ»-ը իր խմբագրականում նկատում է. - «Հայաստանում չկա դատավոր, որը կոռումպացված չէ եւ անհրաժեշտության դեպքում իշխանությունների պատվերը չի կատարում: Դա, իհարկե, աքսիոմ է: Մեր դատավորների այդ երկու հատկանիշներն, անշուշտ, փոխկապակցված են. նրանց հենց դրա համար էլ թույլատրվում է ոչ քաղաքական գործերում «ուտել», որպեսզի դառնան խոցելի եւ քաղաքական գործերում` ձեռնասուն: Բայց դա նշանակում է, որ այս հիմքով որեւէ դատավորի ինքնաբացարկ պահանջելն անիմաստ է: Առավել եւս` ինքնաբացարկի համար դժվար թե հիմք կարող է հանդիսանալ, որ տվյալ դատավորին նշանակել է Ռոբերտ Քոչարյանը: Մեր բոլոր դատավորներին նշանակել են կա'մ Ռոբերտ Քոչարյանը, կա'մ Սերժ Սարգսյանը: Հավանաբար, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը նշանակում էր բացառապես անկախ եւ անկաշառ դատավորների: Բայց դե որտեղի՞ց հիմա նրանց ճարես: Իսկ քանի որ այդպիսիք «չեն ճարվում», Հայաստանում կարելի է ընդհանրապես դատավարություններ չանցկացնել, դատարաններն էլ փակել ու դարձնել, ասենք, մշակույթի պալատներ»:

«Կապիտալ»-ի խմբագիրը քննարկում է Հայաստանի իշխանական համակարգը. - «Ապագայի հայաստանյան իշխանական համակարգը պետք է լինի բացառապես ընտանեկան, ազգակցական. օրենքի իշխանությունը պետք է փոխարինվի ընտանեկան իշխանությամբ: Հողասեր, ազգասեր, օլիգարխասեր կլանն այսօրվանից է դրա մասին մտածում, մտածում է եւ ցուցադրում այդ մտածմունքի պտուղը կյանքում, ցուցադրում է հարսանյաց շքերթներով՝ ի տես բոլորի, ի հակադրություն համատարած թշվառության եւ դժկամության, նախանձի ու զայրույթի: Ապագայի ծրագիրը մեկն է՝ համակարգը պետք է լինի ընտանիք, մի մեծ ընտանիք՝ ազգակցական, խնամիական կապվածություն-կապկապվածությամբ, հայոց մեծամեծ ջոջերի իշխանական ընտանիք պետք է լինի, բոլոր լծակներով՝ ուժային, ֆինանսական, ռեսուրսային, միայն մեկ արժեքով՝ ազգակցական հավատարմությամբ, իսկ մնացյալը պետք է լինի սպասարկու զանգված, անարժեք, ողորմյալ ու պարտավորված անձնական ողորմությամբ: Ո՞վ է ձեզ ասել, թե մենք անձամբ ենք զբաղեցնում պաշտոնը. այն մեզ համար ինստիտուտ չէ, մեր կլանասեր ուղեղներում ինստիտուտ, կառուցվածք, քաղաքական մարմին գոյություն չունի, մարմինը միայն ձեռքերում է նշմարելի, ինստիտուտը՝ միայն ճեպընթաց դիպլոմ վերցնելու համար»:

Lragir.am-ը գրում է. - «Թերեւս պետք է գտնել մի պարզ հարցի պատասխան` իսկ ինչու պիտի Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այդ հարցը պետք է տալ ոչ այն տրամաբանությամբ, որ եթե չէր վավերացնելու, ապա ինչու ստորագրեց: Խնդիրը պարզապես այն է, թե ինչու պետք է չվավերացնի: Միայն այն պատճառով, որ Ղարաբաղը Ադրբեջանի՞նը չէ, կամ տարածքները Ադրբեջանին չե՞ն վերադարձվել: Միթե այդ դատարկ պատճառով Թուրքիան պետք է հրաժարվի իր համար այնպիսի հրաշալի փաստաթղթից, ինչպիսին հայ-թուրքական արձանագրություններն են, որոնց ստորագրումը Թուրքիային փաստացի ազատում է հայկական հարցից: Թուրքիային ինչ, թե ումը կլինի Ղարաբաղը: Չէ որ Թուրքիան Կովկասի համար է այժմ պայքար մղում, որի խոչընդոտ միշտ եղել է հայկական հարցը: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ վավերացումը նրան մոտեցնում է կովկասյան առաջատարության: Իսկ եթե Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծանա, ապա նրա համար արդեն այդքան էլ կարեւոր չէ, թե ումն է լինելու Ղարաբաղը: Սպառնալիքն այն է, որ Ադրբեջանը կարող է թուրքերից նեղանալ: Բայց, մյուս կողմից, իսկ ինչ պիտի անի, եթե նեղանա: Միեւնույն է, Ադրբեջանը որեւէ այլ պետության մեջ չի կարող գտնել այն, ինչ կգտնի Թուրքիայի մեջ»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը չեն միավորում իրենց ջանքերը: Ջանքերը միավորեն, որ ի՞նչ անեն: Կոնգրեսը, օրինակ, պահանջում է իշխանությունների հրաժարականը: Իսկ ՀՅԴ-ն ինչ ասես պահանջում է՝ դրանից բացի: Հիմա ի՞նչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը վեր կենա ու Էդիկ Նալբանդյանի հրաժարակա՞նը պահանջի: Դաշնակցական Արտյուշա Շահբազյանն էլ իր հերթին դժգոհում է, թե «Սերժ Սարգսյանին աթոռից իջեցնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն նստեցնենք իր աթոռին»: Արտյուշա Շահբազյանի դժգոհությունը հասկանալի է, բայց ով է մեղավոր, որ, ըստ Հայաստանի սահմանադրության, նախագահին պիտի ընտրի ժողովուրդը, իսկ ժողովուրդը որեւէ պարագայում ՀՅԴ-ի որեւէ ներկայացուցչի 5-6 տոկոսից ավելի ձայն չի տա: Մի ուրիշ հարց էլ կա: Կոնգրեսը գտնում է, որ պետք է կասեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, եւ դրա միակ ձեւը իշխանափոխությունն է: Իսկ ՀՅԴ-ն գտնում է, որ, այո, պետք է կասեցնել վավերացումը, բայց ձեւը չի ասում»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ասում է. - «Չեմ կարող իմ մտապատկերում առկա Սերժ Սարգսյանի կերպարին չհենվել եւ չասել, որ չեմ հավատում, թե Ղարաբաղյան թնջուկի այն ծանր տարիներին Վոլսկու հետ աշխատած, Հենրիկ Պողոսյանի դպրոցը անցած, Արցախյան պատերազմի բովով անցած, պատերազմին մասնակցած, հաղթած մարդը այնքան միամիտ է, որ քծնանքին կուլ կգնա։ Ուզում եմ հավատալ, որ մեր երկրի ղեկավարը շատ ավելի ուշիմ լսում է «ո՛չ» ասողներին։ Ինքն է ինձ հուշել, որ այդպես է, երբ ասում էր՝ ես նաեւ այն մարդկանց նախագահն եմ, որոնք ինձ չեն ընտրել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG