Մատչելիության հղումներ

Աբդուլա Աբդուլան կմասնակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին


Նախագահական թեկնածուներ Համիդ Քարզայ, Աբդուլա Աբդուլա
Նախագահական թեկնածուներ Համիդ Քարզայ, Աբդուլա Աբդուլա

Նախագահական ընտրություններում Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի հիմնական հակառակորդ, արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Աբդուլան հավաստիացրել է, որ իրենք «հստակ ուղեցույց ունեն` խուսափելու համար տարածում ստացած խախտումներից, որոնց ականատեսն են եղել ընտրությունների առաջին փուլում»։

Հիշեցնենք՝ Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը, որը գործում է ՄԱԿ-ի հովանավորությամբ եւ իր կազմում ներառում է նաեւ միջազգային ներկայացուցիչների, երեկ հայտարարել է, որ քվեաթերթիկների վերջնահաշվարկի արդյունքների համաձայն, Համիդ Քարզային չի հաջողվել հավաքել նախագահ դառնալու համար անհրաժեշտ 50 տոկոս գումարած մեկ ձայնը։

Քարզայը, ով երկար ժամանակ չէր ցանկանում անգամ անդրադառնալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու խնդրին, հանձնաժողովի երեկվա հայտարարությունից հետո ասել է, թե «ողջունում է այդ գաղափարը»։

«Երկրորդ փուլ անցկացնելու անկախ հանձնաժողովի որոշումը օրինական է, համապատասխանում է Սահմանադրությանն ու աֆղանական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին մեկ քայլ առաջ է»,- ասել է նա։

Ընտրությունների առաջին փուլից հետո հայտնաբերված զանգվածային ընտրախախտումները, ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ալիմ Սիդիքուիի, ընտրական 380 ընտրատարածքներից 200-ում հանձնաժողովների ղեկավարների փոփոխության պատճառ են դարձել։

Նոյեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Համիդ Քարզայի միակ հակառակորդը կդառնա նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան։

Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, Համիդ Քարզայը ընտրությունների առաջին փուլում ստացել է ընտրողների ձայների ոչ թե մոտ 55 տոկոսը, այլ` 49.67 տոկոսը, իսկ նրա հիմնական հակառակորդի` Աբդուլա Աբդուլայի 28 տոկոս ձայները հասել են մինչեւ 31.5 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG