Մատչելիության հղումներ

Ֆոնոգրամայի դեմ պայքարը շարունակվում է


Մոտ 6 ամիս առաջ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով արգելվեց պետական դահլիճներում երգել ֆոնոգրամայով` առանց հանդիսատեսին այդ մասին տեղեկացնելու: Մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Զաքարյանի խոսքով, այս հրամանագրից հետո մեծ իրարանցում է առաջացել հայկական շոու բիզնեսում:

Նախարարի խորհրդականը պատմեց, որ սկզբնական շրջանում խախտումներ շատ են գրանցվել և որպես օրինակ նշեց երգիչ Սասունցի Դավթի ելույթները:

«Մաքսլիբերթիի» հետ զրույցում երգիչը հերքեց իր կողմից ֆոնոգրամա օգտագործելու փաստը, և ասաց որ դրանք ընդամենը խոսակցություններ են: Սասունցի Դավիթն ասաց, որ ֆոնոգրամայով երգում է միայն բացօթյա համերգների ժամանակ, ինչը թույլատրելի է:

Րաֆֆի Զաքարյանի խոսքով, մշակույթի նախարարությունում երգիչներին վերահսկող ոչ մի մարմին չկա. հսկողությամբ զբաղվում են դահլիճների տնօրենները: Նա պատմեց, որ սկզբնական շրջանում այդ հսկողությունը լավ չէր իրականացվում, բայց զգուշացումներից հետո ամեն ինչ փոխվել է:

Նախարարի խորհրդականի փոխանցմամբ, հրամանագրի ընդունումից հետո ֆինանսական խնդիրներ են առաջացել շատ համերգասրահների ղեկավարության համար, բայց նրա կարծիքով, այս կերպ «կբարձրանա համերգների որակը»:

XS
SM
MD
LG