Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն պահանջում է քրեորեն պատժելի դարձնել Հայոց ցեղասպանությունը հերքումը


Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովին Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ներկայացրած օրինագիծը առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ` ամրագրելով. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը պատժվում է տուգանքով կամ 3-5 տարվա ազատազրկմամբ»:

Գործող Քրեական օրենսգրքի 397 պրիմ 1 հոդվածը սահմանում է Ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն դաշնակցականներն անհրաժեշտ են համարում Հայոց ցեղասպանության նկատմամբ հատուկ մոտեցման ամրագրումը` հիմնավորելով, որ «դա որեւէ մեկի կողմից որեւէ ձեւաչափով չպետք է քննարկվի»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ օրինագծի շրջանառության մեջ դնելը պայմանավորել միայն հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումներով` միաժամանակ նշելով. - «Այս նախաձեռնությունը եւս մի հնարավորություն է` վստահ ասելու, որ անկախ այն բանից` այս արձանագրությունները կվավերացվեն թե ոչ, գործողության մեջ կդրվեն, թե ոչ, Հայաստանի Հանրապետությունը տեր է միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին եւ իր երկրի օրենսդրությամբ պատժելի արարք է համարելու ցանկացած անձի այն վարքագիծը, որն ուղղված է Հայոց ցեղասպանությունը որեւէ կերպ ուրանալուն»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ օտարերկրացիների համար: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա ստեղծվելիք հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի փորձագետների վրա ճնշում գործադրելու քայլ չէ՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող քննարկումները բացառելու համար, Մինասյանը պատասխանեց. - «Այս փոփոխության նպատակը ոչ թե հիմնականում հայ պաշտոնյաների նկատմամբ ինչ-որ կանխարգելիչ քայլեր անելն է, այլ գերազանցապես այն, որ որեւէ ձեւով այսպիսի հարց չի կարող քննարկման առարկա լինել որեւէ մեկի կողմից», - հավելեց նա:

Խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունը ողջունում է ՀՅԴ-ի այս նախաձեռնությունը: Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե օրենքի ընդունումը «հրատապ» է, քանի որ չի բացառվում, որ «նման արձանագրություններ ստորագրող իշխանությունները կարող են մի օր էլ ուրանալ Ցեղասպանությունը»:

Իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մինչդեռ, հիմա նման օրենքի անհրաժեշտությունը չի տեսնում. - «Այդ օրենքը, ենթադրենք, այսօր ընդունված է, ինչի՞ վրա պետք է ազդի: Խնդիրը դա է... Ինքը արդյունք չի բերում միջազգային ասպարեզում կամ փոխհարաբերություններում, բայց, մյուս կողմից էլ, մենք մեր գլխին ոնց որ սարքենք... Էս թիմը, ենթադրենք, էս մեկը սենց բան ասեց, մի քիչ էլ տեքստից կտրեն... մարդկանց տանեն դատապարտե՞ն»:

Օրինագիծը խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG