Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահը համոզված է, որ Թուրքիայի խորհրդարանը մինչեւ գարուն կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները


Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի համոզմամբ, Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի մինչեւ տարեվերջ կամ վաղ գարնանը: ԼՐԱՑՎԱԾ

Լրագրողների հետ հանդիպմանը Զոհրաբյանը նաեւ համոզմունք հնչեցրեց, որ Թուրքիայի խորհրդարանը «դժվար թե ենթարկվի» Ադրբեջանի ճնշմանը, քանի որ «թուրքերը լավ հաշվարկել են Ադրբեջանի ճնշումների չափն ու ձեւը»:

«Թուրքիան ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, քան Ադրբեջանի շահն է Ղարաբաղի հարցում», - ասաց իշխող կուսակցության փոխնախագահը: - «Միայն մեր հետ [չէ, որ] ինքը [Թուրքիան] խնդիր ունի. ինքը խնդիր ունի աշխարհի հետ: Առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Իրենք ձգտում են մտնել Եվրամիություն: Եվ իրենց որ ներս պիտի թողնեն, առաջին կետերից մեկը, որ իրենք կարող են անել արագ, դա սահմանների բացումն է: Եթե սահմաննները չբացեն, իրենց համար արդեն խոչընդոտը կա»:

Իսկ եթե մինչեւ վաղ գարունը Թուրքիան սահմանը չբացի, պարզ կլինի, ըստ Զոհրաբյանի, որ «թուրքերը խաբում են». - «Դրանից հետո գալիս է Հայոց Ցեղասպանության տարելիցը՝ ապրիլի 24-ին: Եթե մինչեւ այդ չբացվեց, մեր հասարակության մոտ էլ են լինելու կասկածներ, որ թուրքերը մեզ, կարծես թե, ֆռռացնում են, խաբում են... Եվ հակազդեցությունը կարող է շատ մեծ լինել: Թուրքերն էլ են հասկանում, որ գոնե մինչեւ վաղ գարուն՝ վերջին ժամկետ, իսկ լավ կլինի՝ մինչեւ նոր տարի հաստատեն: Իսկ մենք արագ կարձագանքենք դրան»:

Ռազմիկ Զոհրաբյանը փոխանցեց նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս Սահմանադրական դատարան կներկայացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի վերջինս քննի դրանց համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը:


«Օր չի հայտարարել [Սերժ Սարգսյանը], բայց, ես կարծում եմ, իմաստ չունի ձգել: Քանի որ թուրքերը քայլը արել են՝ այսօր արդեն կներկայացնեն իրենց խորհրդարանի քննարկմանը, մենք էլ քայլ կանենք՝ Սահմանադրական դատարան: Հետո տեսնենք՝ ինչպես է գնում ընթացքը: Դրանից հետո կարող ենք ներկայացնել Ազգային ժողով: Բայց հաստատումը կլինի, իհարկե, թուրքերից հետո կամ միաժամանակ, որպեսզի, ինչպես ասում է ժողովուրդը՝ խաբոցի չլինի»:

Զոհրաբյանը հանգամանորեն խոսեց արձանագրություններով նախատեսված պատմական հարցերի ենթահանձնաժողովի ապագա գործունեության մասին՝ ընդգծելով, որ դրանում ընդգրկվելիք պատմաբանները անդրադառնալու են ոչ թե Ցեղասպանությանը, այլ պատմական եղելություններին, եւ որ ենթահանձնաժողովում քննարկվելիք հարցերը դրվելու են քվեարկության:

«Այդ ենթահանձնախմբում Հայաստանի կողմից լինելու են ոչ թե միայն մասնագետ պատմաբաններ, այլ նաեւ պաշտոնյա, պետական գործիչ, որը հենց որ փորձ արվի քննարկել Ցեղասպանության հարցը, այսինքն՝ կասկածի տակ դնել, նրանք ասելու են՝ սա քաղաքական խնդիր է, թողեք մի կողմ», - վստահեցրեց ՀՀԿ-ի փոխնախագահը՝ հավելելով, որ այդ ենթահանձնաժողովը «թույլ կտա, որպեսզի թուրք հասարակությունը վերջապես տեղեկանա, որ իրականում Ցեղասպանությունը տեղի է ունեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG