Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում է, ուր ժամանել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Չորեքշաբթի առավոտյան Հայաստանի նախագահը եւ պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելեցին պաշտպանական դիրքեր, ինչպես նաեւ մասնակցեցին Հադրութի շրջանում սպաների բնակարանամուտի արարողությանը:

Միջոցառումների ընթացքում նախագահները որեւէ հայտարարությամբ հանդես չեկան:

Ավելի ուշ Ստեփանակերտում ծրագրված է Հայաստանի նախագահի հանդիպումը զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի հետ: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Սերժ Սարգյանի այցի հետ կապված` Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հրաժարվեց մանրամասներ հայտել, բայց չժխտեց, որ հնարավոր է` Հայաստանի նախագահը հանդես գա հայտարարությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` նախագահները այցելելու են նաեւ Մարտունու շրջան, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունենալու Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` «նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Նախագահը մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը, զրուցել զինծառայողների ընտանիքների անդամների հետ, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում: Նախագահ Սերժ Սարգսյանը զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ երեկոյան Ստեփանակերտում հրավիրել է ավանդական խորհրդակցություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG