Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան դիվանագետների խումբը կայցելի Հարավային Օսիա


Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալին
Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալին

Չորեքշաբթի օրը Հարավային Օսիա են այցելելու ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Խարալամպոս Խրիստոպուլոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յոհան Վերբեկեն եւ Եվրոպական միության պատվիրակ Պիեր Մորելը։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության աշխատակից Գոգա Արցիաուրիի փոխանցմամբ` նախօրեին պատվիրակությունն այցելել է Վրաստանի անջատողական մեկ այլ տարածք` Աբխազիա։

Հարավային Օսիայում բարձրաստիճան դիվանագետները հանդիպելու են անջատողական վարչակարգի հետկոնֆլիկտային կարգավորման հարցերով բանագնաց Բորիս Չոչիեւի եւ արտգործնախարար Մուրատ Ջիոեւի հետ։

Չոչիեւը հայտնել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 11-ին Ժնեւում կայանալիք բանակցությունների 8-րդ փուլին վերաբերող հարցեր։ Ըստ նրա` Հարավային Օսիայում պատվիրակության տեղաշարժն իրականացվելու է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ռուսաստանյան վարչության աջակցությամբ։

«Ռոսբիզնեսկոնսալտինգ» տեղեկատվական կայքէջի փոխանցմամբ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կարող է ճանաչել եւս 8 երկիր։ Այդ է եղել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի Բոլիվիա կատարած այցի հիմնական նպատակը։

Պատրուշեւը մասնակցել է «Ամերիկաների համար բոլիվարական այլընտրանք» կազմակերպության գագաթնաժողովին։ Այդ կառուցը 2004 թվականին Ֆիդել Կաստրոյի եւ Ուգո Չավեսի նախաձեռնությամբ կազմել են Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Էկվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հոնդուրասը, Սենթ-Վինսենթն ու Գրենադան, Անտիգուան եւ Բարբադոսը։

«Ռոսբիզնեսկոնսալտինգ»-ի կանխատեսմամբ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետական անկախությունը վերը նշված երկրներից առաջինը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Էկվադորը` այդ պետության նախագահ Ռաֆաել Կորերան առաջիկայում կայցելի Մոսկվա։

Վերլուծաբանները նշում են, որ հետեւելով Վենեսուելայի օրինակին` «Ամերիկաների համար բոլիվարական այլընտրանք» կազմակերպության երկրները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու դիմաց Ռուսաստանից նյութական աջակցություն են ակնկալում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG