Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարը Թբիլիսիում է


Ալեքսանդր Վերշբոուն ասուլիս է տալիս Թբիլիսիում, 20 հոկտեմբերի, 2009
Ալեքսանդր Վերշբոուն ասուլիս է տալիս Թբիլիսիում, 20 հոկտեմբերի, 2009

Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն ժամանել է Թբիլիսի: Նա Վրաստանի ղեկավարության հետ բանակցություններ է անցկացնում վրացական զինված ուժերի բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության, Աֆղանստանում վրացական զորախմբի տեղակայման հարցերի շուրջ:

Տարվա սկզբին` Ջորջ Բուշի վարչակազմի լիազորությունների ավարտից առաջ, Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրվեց, որը նախատեսում է նաեւ համագործակցություն ռազմական ոլորտում:

Այս ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հայտարարել են Վրաստանի զինված ուժերին օժանդակելու պատրաստակամության մասին, նշելով, թե չնայած Ռուսաստանի առարկություններին` յուրաքանչյուր երկիր ազատ է ինքնուրույն որոշելու սեփական անվտանգությունը ապահովելու հարցերը:

Ալեքսանդր Վերշբոուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Էկա Կղեկելաշվիլիի հետ:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` հանդիպումն անցկացվել է փակ դռների հետեւում: Հանդիպումից հետո Կղեկելաշվիլին, մասնավորապես, ասել է. - «Վրաստանի անվտանգությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությունը առաջնային են մեզ համար, ուստի այդ հարցերին հատուկ ուշադրություն ենք դարձրել: Մենք կարող ենք ընդգծել, որ Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Վրաստանի անվտանգությունը ապահովելու հարցերում»:

Նա նշել է, որ ԱՄՆ - Վրաստան համագործակցության խարտիայի շրջանակներում աշխատանքային խմբերի հանդիպմանը եւս ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության եւ պաշտպանության խնդիրները:

Մինչ այս այցելությունը Վրաստանը պատրաստակամություն էր հայտնել իր տարածքում ԱՄՆ-ի պաշտպանական հրթիռային համակարգեր տեղակայել, եթե Միացյալ Նահանգները այդպիսի մտադրություն ունենա: Բայց այս բանակցություններում նման հարց ընդգրկված չէ:

Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը ասել է, թե Պենտագոնի ղեկավարի տեղակալի հետ հակահրթիռային համակարգերի տեղակայման հարց չի քննարկվելու:

Ըստ Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության, ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի այցելության հիմնական նպատակը անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելն է:

«Քննարկվելու են Վրաստանի զինված ուժերի արդիականացման եւ խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար Վրաստանի զորախմբի Աֆղանստան ուղարկելու հարցերը: Հանդիպմանը քննարկվելու են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ», - հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը:

Վրաստանի զինված ուժերի թվակազմը եկող տարվա ընթացքում մնալու է նույնը` 37 հազար: Յուրաքանչյուր տարի երկրի խորհրդարանը հաստատում է բանակի թվակազմը, եւ երեքշաբթի օրը համապատասխան օրինագիծը երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից ներկայացվել է խորհրդարան` հաստատման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG