Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն


Սերժ Սարգսյանի եւ Թինա Քեյդենաուի հանդիպումը, Երեւան, 20 հոկտեմբերի, 2009
Սերժ Սարգսյանի եւ Թինա Քեյդենաուի հանդիպումը, Երեւան, 20 հոկտեմբերի, 2009

Երեւանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն, ում երեքշաբթի օրը ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Թինա Քեյդենաուն քննարկել են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ - ամերիկյան համագործակցությունը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Նույն աղբյուրի վկայությամբ` զրուցակիցները կարեւորել են Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Թինա Քեյդենաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս փուլերում եւս շարունակելու է հավատարիմ մնալ դրան:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը կողմ է առկա խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնավորապես կնպաստեն կայուն խաղաղությանն ու զարգացմանը:

Կողմերը անդրադարձել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` Թինա Քեյդենաուն կարեւորել է ժողովրդավարացման ուղղությամբ նկատելի առաջընթացը եւ վերջերս կիրառված համաներումը, նշելով, որ այն եւ դրան հաջորդած քայլերը դրական մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացին ԱՄՆ-ի աջակցության եւ այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերի համար:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` կողմերն անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG