Մատչելիության հղումներ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը պատրաստ է նշել գրողի հոբելյանը


Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երեւանում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երեւանում

Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված միջոցառումների շարքը սկսվել է տարեսկզբից: Տուն-թանգարանից բացի, մի շարք միջոցառումներ են իրականացվել նաեւ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Գալիք իրադարձություններից ամենասպասվածը թերևս տուն-թանգարանի` 12 բաժիններից կազմված ցուցասրահի բացումն է, որ նախատեսված է նոյեմբերի սկզբին:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ըստ որոշ աղբյուրների` Աբովյանը ծնվել է 1809-ին, սակայն կան բազմաթիվ հիմքեր ապացուցելու, որ նրա ծննդյան թիվը 1805-ն է: Աբովյանի առաջին կենսագիր Ներսես Տեր-Կարապետյանի տվյալներով էլ նա ծնվել է 1805 թվականին:

Հովհաննես Զատիկյանի խոսքով Աբովյանի 200-ամյակը դեռ պետք է նշվեր 2005-ին, սակայն այն ժամանակ թանգարանն այնպիսի վիճակում էր, որ հնարավոր չէր այնտեղ միջոցառումներ կազմակերպել: Երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը թանգարանին տրամադրեց 180 միլիոն դրամ, կատարվեցին վերանորոգման աշխատանքներ, ու այսօր արդեն թանգարանը պատրաստ է նշելու Աբովյանի հոբելյանը:

Սակայն տուն-թանգարանը դեռ որոշ խնդիրներ ունի: Մասնավորապես, թանգարանի հին շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս 15 միլիոն դրամ:
XS
SM
MD
LG