Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքը վստահելի չէ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի համար


Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքը վստահելի չէ, քանի որ այդ կուսակցությունը երկար տարիներ օգտվել է իշխանության ընձեռած հնարավորություններից, պարբերաբար` ամեն ընտրությունից առաջ, ընդդիմություն է դարձել ու նորից մաս կազմել իշխանական կոալիցիայի: Հետեւաբար Դաշնակցության նախաձեռնություններին միանալու մտադրություն Արամ Սարգսյանը չունի:

«Ես Դաշնակցությանը չեմ վստահում, քանի որ նա 10 տարի եւ ավելի օգտվել է իշխանության կերակրատաշտից, այսօր էլ չէր գնա այդ քայլերին, եթե իր կուսակցության կանոնադրության մեջ այդ ազգայինը գրված չլիներ: Ինչի՞ն վստահես եւ ինչպե՞ս վստահես», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Արամ Սարգսյանը նաեւ նշեց, որ ինքը Դաշնակցության հետ ոչ մի դեպքում ճանապարհ չի գնա, քանի դեռ «Հոկտեմբերի 27»-ի գործը չի բացահայտվել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման հետ կապված մեղքի իր բաժինը ունի նաեւ Դաշնակցությունը, Սարգսյանը արձագանքեց. - «Չեմ ուզենա մեղադրանքներ հնչեցնել, բայց չեմ ասի նաեւ, որ կասկածներ չունեմ»:

Հարցին, թե ինչու Դաշնակցությունը չի շտապում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ փորձում է Սահմանադրական դատարանում պայքարել հայ-թուրքական արձանագրությունների դեմ, Արամ Սարգսյանը պատասխանեց, թե «կցանկանար մտածել, որ Դաշնակցությունը պրագմատիկ է եւ սթափ է մտածում` հասկանալով, որ իր վարկանիշը 1 կամ 1,5% է, եւ որ նման աջակցության պայմաններում թերեւս նպատակահարմար էլ չէ իշխանափոխության խնդիր դնել»:

«Անգամ «Հանրապետություն» կուսակցությունն իր նստացույցին ավելի շատ մարդ էր ունենում, քան Դաշնակցությունն իր հանրահավաքին: Հետեւաբար նման զանգված ունեցող կուսակցությունը պետք է համեստ լինի»:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի կողմից հանրահավաքների ժամանակավոր դադարին, Արամ Սարգսյանը վստահ է, որ իրենց այս մոտեցումը արդարացված է: - «Ես ինքս միանշանակ կողմ եմ եղել այդ դադարին, քանի որ այս ընթացքում շատ ավելի մեծ գործ ենք անում, քան հանրահավաքներ անելն ու ժողովրդին իշխանությունների թերությունները ներկայացնելը: Իսկ Կոնգրեսի համակիրներին խնդրում եմ մի փոքր էլ համբերել. գործընթացները զարգանում են բավական արագ, եւ փոփոխությունները շատ մոտ են»:

Խոսելով Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության մասին` Արամ Սարգսյանը նշեց, թե նա «ինքը համոզված չէ, որ մինչեւ վերջ կպաշտոնավարի, քանի որ «նախ ընտրված նախագահ չէ, երկրորդ` անկեղծ չէ իր ժողովրդի հետ, եւ երրորդ` խնդիրները ներսում լուծելու փոխարեն, նա փորձում է դրսում լուծելով լեգիտիմություն եւ հեղինակություն ձեռք բերել»:

«Հայ-թուրքական հաշտեցման գործընթացին անմիջապես հետեւելու են ղարաբաղյան գործընթացները: Ես ուզում եմ, որ փոխզիջումներ լինեն, եւ ոչ թե զիջումներ. եթե միակողմանի լինի, դա արդեն զիջում է, ես իսկապես վախենում եմ, որ այս հարցում Հայաստանը զիջումների գնա», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
XS
SM
MD
LG