Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը դատախազի միջնորդությամբ իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նրան դատարանից ազատ արձակեցին՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Հոկտեմբերի 20-ին նա` որպես իրավապաշտպան, մասնակցելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը:

Իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված գործերում մեկ ընդհանրություն կա` քրեական օրենսգրքի 316 հոդվածը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում: Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Արշալույս Հակոբյանը քրեական օրենսգրքի 316 հոդվածը համարում է ծիծաղելի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպանն ասաց. - «Դա մշակված պլան է, ոչինչ էլ որ չլինի, դա պատրաստի հոդված է. միշտ կգտնվեն մի քանի ոստիկաններ, ովքեր սուտ ցուցմունք կտան իրենց դիմադրող ինչ-որ մեկի դեմ»:

Նիկոլ Փաշինյանի գործում, Արշալույս Հակոբյանի խոսքով՝ «փորձելու են հասնել նրա ազատ արձակմանը»:

Արշալույս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացը դեռ շարունակվում է, փոխվել է միայն խափանման միջոցը: Դատաքննությունը մեկ ամսով հետաձգվել է, քանի որ, ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հունան Բաբայանի՝ «լրացուցիչ քննչական գործողություններ են անհրաժեշտ՝ մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար»:
XS
SM
MD
LG