Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի Ղարաբաղյան կարգավորման վրա»


«Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ թուրքական հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նպատակ ունի կարգավորել իրավիճակը ողջ տարածաշրջանում», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդն ու հավելել. - «Քանի դեռ չի լուծվել հայ - ադրբեջանական հակամարտությունը, անհնար է Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել»։

Ընդգծելով, թե Լեռնային Ղարաբաղն ու շրջակա յոթ տարածքները 18 տարի է՝ «օկուպացված են», Գյուլը կարծիք է հայտնել, թե այժմ, հայ - թուրքական բանակցությունների շնորհիվ, այդ հարցը կրկին հայտնվել է միջազգային հանրության օրակարգում։

Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ, որտեղ, ի թիվս տարածաշրջանային հրատապ խնդիրների, քննարկվել էր նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ընթացքը։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, զրույցի ընթացքում Աբդուլա Գյուլը հորդորել է Միացյալ Նահանգներին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, երկուշաբթի օրը հայտարարել է, թե «ադրբեջանական հողը սուրբ է մեզ համար ինչպես մեր սեփականը, եւ այդ հողը օկուպացումից ազատագրելը մեր առաջնային ազգային խնդիրներից է»:

«Նույնիսկ եթե երկինքը փուլ գա` Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի: Մեր քաղաքականությունը օկուպացիային վերջ տալու հարցում կշարունակվի մինչեւ հիմնախնդրի լուծումը», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ասել է Դավութօղլուն:

Մեկնաբանելով ուրբաթ օրը Իլհամ Ալիեւի արած հայտարարությունը, որում Ադրբեջանի նախագահը «անընդունելի» էր համարել Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տրանզիտի պայմանները, Դավութօղլուն ասել է. - «Բանակցությունները շարունակվում են: Հավատում եմ, որ մենք դրական արդյունքի կհանգենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG