Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանի կարծիքով, արձանագրությունները պետք է հակասահմանադրական ճանաչվեն


Ազգային ժողովում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, ոչ թե առանձին կուսակցություններ, այլ նախագահ Սերժ Սարգսյանը, գործող օրենքի համաձայն, պետք է դիմի Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը դիտարկի այդ փաստաթղթերում ամրագրված Հայաստանի պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ, այդ արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն բխում Սահմանադրությունից, հետեւաբար, ըստ նրա, դրանք պետք է հակասահմանադրական ճանաչվեն: Դաշնակցական պատգամավորի կարծիքով, դա տեղի կունենա, եթե Սահմանադարական դատարանը «հետեւողական լինի օրենքի պահանջներին եւ օրենսդրական նորմերի կիրառմանը»:

«Օրինակ, եթե մենք խոսում ենք բարիդրացիական այնպիսի հարաբերություններ հաստատելու մեր պարտավորության մասին, որտեղ չի կարող խոսք լինել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման պահանջի մասին, դա արդեն կհակասի Անկախության հռչակագրի հիմնադրույթների 11-րդ կետին` համաձայն որի Հայաստանը սատար է կանգնում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանն առանձնացրեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած գործընթացի մի քանի կետեր, որոնք, ըստ նրա, ընթացակարգային շատ լուրջ խախտումներ են: Մասնավորապես, Մինասյանի համոզմամբ, այս փաստաթղթերը պետք է նախապես ուղարկվեին բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: Ընդ որում, նրա համոզմամբ, առնվազն 2 գերատեսչություն հստակ պետք է արձագանքեր այս արձանագրութուններին` «Ֆինանսների նախարարությունը, որը պետք է տար այդ փաստաթղթի ֆինանսական հետեւանքերը, եւ Արդարադատության նախարարությունը, որը պիտի նշեր, թե փաստաթղթի ստորագրման դեպքում ինչպիսի օրենսդրական փոփոխություններ կարող են ի հայտ գալ»:

«Եթե հաստատվեն այս ընթացակարգային խախտումները, ապա դրանք կհակասեն ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին` համաձայն որի «միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունները պետք է ստանձնվեն բացառապես օրենքով նախատեսված պայմաններով ու կարգով»», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորի փոխանցմամբ, իրենց կուսակցությունը արձանագրությունների հետ կապված բոլոր դիտարկումները կամ գրավոր ձեւով կներկայացնի Սահմանադրական դատարանին, կամ պարզապես կհրապարկի նշված մտահոգությունները:

«Ես հույս ունեմ, որ Գագիկ Հարությունյանն այնքան անաչառ կգտնվի եւ հավատարիմ կլինի երդմանն ու սահմանադարական նորմերին, որ կտա օբյեկտիվ գնահատական: Իսկ եթե արձանագրությունները վավերացվեն եւ ուժի մեջ մտնեն, ազգի պառակտումն այլեւս անխուսափելի կլինի», - հավատացած է Արծվիկ Մինասյանը:
XS
SM
MD
LG