Մատչելիության հղումներ

ՀԲ-ն հորդորում է Հայաստանին ազատվել օլիգարխիկ համակարգից


Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո Իվիլան եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացում է ՀԲ-ի նոր գրասենյակի շենքը Երեւանում: 18-ը հոկտեմբերի, 2009թ.

Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո Իվիլան եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացում է ՀԲ-ի նոր գրասենյակի շենքը Երեւանում: 18-ը հոկտեմբերի, 2009թ.

«Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք, եւ մենք էլ հենց խոսում ենք դրա մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել», - կիրակի օրը հրավիրած ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան։

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը կարիք ունի, որ այստեղ ծավալվի ավելի լուրջ մրցակցություն. - «[Դուք] պետք է ջանք չխնայեք պայքարելու, որպեսզի տնտեսությունը չլինի օլիգոպոլ կառույցների գերին», - հայտարարեց տիկին Օկոնջո-Իվիլան։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարներից շատերը բավականին հարուստ մարդիկ են եւ, կանգնած լինելով նշված օլիգոպոլ կառուցվածքի ետեւում ու շահ ստանալով տնտեսական այդ կառուցվածքից, արդյո՞ք նրանք անհրաժեշտ կամք կդրսեւորեն` պայքարելու տնտեսության մոնոպոլիստական կառուցվածքի դեմ, Նգոզի Օկոնջո-Իվիլան պատասխանեց. - «Կարծում եմ, սա մի հարց է, որի ուղղությամբ հայ ժողովուրդը պետք է աշխատի եւ ինքը լուծում գտնի։ Բայց ակնհայտ է մի բան, որ ձեր բոլորի շահերից է բխում [տնտեսության մեջ] ունենալ ավելի շատ մրցակցություն, որովհետեւ տնտեսական այսօրվա մոդելով ձեր հնարավորությունները ինչ-որ սահմանից չեն կարող դուրս գալ, եւ այսքանից ավելի չեք կարող առաջ գնալ։ Այսօր դուք ցածր-միջին եկամուտներով պետություն եք, եւ եթե ցանկանում եք դառնալ բարձր-միջին կամ միջինից բարձր եկամուտներ ունեցող պետություն, ապա պետք է ընդհանրապես փոխեք տնտեսության գործող կառուցվածքը։ Պետք է բոլորին պարզ լինի, որ եթե դա անեք, դրանից բոլորը կշահեն, եւ այնքան ժամանակ, քանի դեռ դա չեք անի, դրանից բոլորը կտուժեն»։

Մյուս կողմից, Օկոնջո-Իվիլան ավելացրեց, թե հարկավոր է առանձնացնել տնտեսությունը բացելուն միտված երկարատեւ աշխատանքը եւ կառավարության ներկայիս հակաճգնաժամային քաղաքականությունը. - «Բայց նախեւառաջ, ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի երկիրը այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Գտնում եմ, որ ճիշտ է կառավարության ծրագիրը` ընդլայնել հարկաբյուջետային խթանների կիրառումը։ Պետք է, որ այն կենտրոնանա ճգնաժամի հաղթահարման սոցիալական կողմի վրա, եւ դա այդպես էլ կա։ Պետք է, որ այն կենտրոնանա պահանջարկի ընդլայնման ուղղությամբ, եւ դա այդպես էլ կա։ Ուստի, կարծում եմ, որ կառավարության այս ռազմավարությունը լավն է։ Սակայն նաեւ նշեմ, որ այժմ կառավարությունը շատ զգույշ պետք է լինի, որպեսզի շատ չշտապի մշակել ճգնաժամից «ելքի» ռազմավարությունը, քանի որ չնայած աշխարհում առկա որոշ լավ նշաններին, դեռ ճգնաժամի վերաբերյալ կան մտահոգություններ»։

Անդրադառնալով նաեւ ճգնաժամի հետեւանքով Հայաստանի տնտեսության մեջ ի հայտ եկած խոցելի տեղերին` Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրենը առանձնացրեց տնտեսության դիվերսիֆիկացման հարցը. - «Ակնհայտ է, որ անհրաժեշտ է [Հայաստանի] տնտեսությունը բազմազանեցնել։ Ապագայի համար պարզ է, որ եթե Հայաստանը նպատակ ունի դուրս գալ ճգնաժամից եւ տնտեսական աճ ապահովել, ապա պետք է կարողանա որոշ մարտահրավերներ հաղթահարել»։

Նգոզի Օկոնջո-Իվիլան խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններից։ Ասաց, որ Համաշխարհային բանկը ողջունում է սահմանի վերաբացման հեռանկարը եւ տեղեկացրեց, թե Հայաստանի վարչապետը դիմել է բանկին, որպեսզի այն գնահատի սահմանի վերաբացման հետ կապված ենթակառուցվածքային կարիքները։

«Մենք ուրախ կլինենք դա անել», - հայտարարեց Օկոնջո-Իվիլան՝ հավելելով. - «Այժմ դուք ունեք որոշակի հնարավորություններ։ Օրինակ, դուք հնարավորություններ ուենք Եվրամիության հետ կնքել ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Նոր հնարավորություն կստեղծի Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարը»։

Նգոզի Օկոնջո-Իվիլային շաբաթ եւ կիրակի օրերին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարի հետ Օկոնջո-Իվիլան ներկա է եղել Համաշխարհային բանկի երեւանյան նոր գրասենյակի բացման արարողությանը։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի տնտեսության օլիգոպոլ կառուցվածքի վերաբերյալ Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրենի հայտարարությունը` վարչապետի օգնական Արամ Անանյանը, մասնավորապես, ասաց. - «Հայաստանի շուկայում մենաշնորհային դրսեւորումների առկայությունը Համաշխարհային բանկի հայտնագործությունը չէ: Ստվերային տնտեսության առկայությունն այդ դրսեւորումների հիմնական պատճառներից է, եւ խնդրի լուծման անհրաժեշտության մասին խոսել են թե' երկրի նախագահը, թե' կառավարության ղեկավարը: Մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս նշել է, որ այս ոլորտում մենք անելիքներ ունենք` հատկապես հարկային ու մաքսային վարչարարության առումներով»:

Վարչապետի օգնականը ընդգծեց, որ հարկային ու մաքսային վարչարարության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, որի նպատակով Համաշխարհային բանկը տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն է խոստացել Հայաստանի կառավարությանը, «էապես կազդի տնտեսությունում հավասար մրցակցային դաշտի ապահովման, գործարար միջավայրի բարելավման ու տնտեսության մեջ ստվերայնության կրճատման վրա»:
XS
SM
MD
LG