Մատչելիության հղումներ

«Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» դիմում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին


Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին` խնդրելով «ստիպել Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»:

«Այսօր, երբ Ձեր երկրները համատեղել են իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ, իսպառ վերացել է նաեւ Ձեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների` ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ», - ասված է բաց նամակում: - «Սա մեր եւ հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ սասանում է հավատը Ձեր մտադրությունների անկեղծության նկատմամբ, տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, որ Դուք աչք եք փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների եւ ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա` հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու»:

«Ելնելով վերոգրյալից, [2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների] անմեղ զոհերի հարազատների, բանտում տառապող քաղբանտարկյալների, ռեժիմի կամայականությունների եւ քաղաքական հետապնդումների զոհ դարձած հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից խնդրում եւ պահանջում ենք` օգտագործել Ձեր երկրների եւ Ձեր անձնական միջազգային հեղինակությունը` ստիպելու համար Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», - ասված է բաց նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG