Մատչելիության հղումներ

Վրաստան է ժամանում ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը


Ալեքսանդր Վերշբոու

Ալեքսանդր Վերշբոու

Երկուշաբթի օրը Վրաստան է ժամանում Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն: Վրաստանի արտգործնախարարության համաձայն` երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյան մի շարք հանդիպումներ է ունենալու Թբիլիսիում, որոնց ընթացքում քննարկվելու են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո` այս տարեսկզբին, Վրաստանն ու Միացյալ Նահանգները պայմանագիր ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին, որով պաշտոնական Վաշինգտոնը խոստացավ աջակցել Թբիլիսիին ժողովրդավարության, տնտեսության զարգացման, ինչպես նաեւ բանակի բարեփոխման ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ: «Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի այցը շատ կարեւոր է, որպեսզի այդ համաձայնությունները կյանքի կոչվեն, ինչպես նաեւ Կրեմլին ուղղված հստակ ազդանշան է», - հայտարարում են տեղի փորձագետները:

«Պաշտպանության փոխնախարարի այցը առաջին հերթին նպատակ ունի կապեր հաստատել Վրաստանի պաշտպանության ոլորտի ներկայացուցչների հետ, որպեսզի ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը չմնա լոկ թղթի վրա, ինչպես նաեւ հստակ ազդանշան ուղարկել Մոսկվային այն մասին, որ Վաշինգտոնը չի համակերպվում Վրաստանի դեմ Ռուսաստանի իրականացրած ագրեսիային», - վրացական լրատվամիջոցներին օրերս ասել է տեղի վերլուծաբան Սոսո Ցիսկարիշվիլին:

Պաշտոնական Վաշինգտոնը եւս ընդգծում է, որ չնայած Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացման ուղղությամբ վերջին ջանքերին, Վրաստանի շուրջ տարաձայնությունները շարունակում են մնալ օրակարգում. այդ մասին օրերս «էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում եւս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով անցած շաբաթ գտնվում էր Ռուսաստանում:

«Թեեւ մենք եռանդուն կերպով աշխատում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնելու ուղղությամբ, սակայն, միեւնույն է, մենք չենք համաձայնի Ռուսաստանի դիրքորոշմանը Վրաստանի հանդեպ», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը եւ միեւնույն ժամանակ ընդգծել, որ չնայած անհամաձայնություններին, Վաշինգտոնը միայն մեկ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից` հակամարտության դիվանագիտական լուծումը. - «Մենք ակնկալում ենք, որ թե' Հարավային Օսիայի բնակիչները, թե' վրացիներն ու աբխազները, ինչպես նաեւ հակամարտության մեջ ներգրավված մյուս կողմերը խուսափեն սադրիչ գործողություններից եւ իրենց խնդիրները լուծեն խաղաղ ճանապարհով»:

Իսկ քննարկվե՞լ է արդյոք Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում նաեւ վրացական բանակի վերազինման թեման, - հարցրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողը` ընդգծելով, որ այդ հարցը խիստ մտահոգում է Ռուսաստանին:

«Ոչ, Սերգեյ Լավրովը ինձ նման հարց չի տվել», - պատասխանել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ միեւնույն ժամանակ ընդգծել. - «Մենք, սակայն, կօգնենք Վրաստանի ժողովրդին զգալ, որ իրենք կարող են իրենց պաշտպանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG