Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պայքարելու է «բացառապես սահմանադրական ճանապարհով»


Ուրբաթ օրը Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացրեց հանրահավաք` հերթական անգամ «ոչ» ասելով հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին եւ ազդարարելով պայքարի նոր փուլի մեկնարկը:



Թեեւ Երեւանի քաղաքապետարանն արգելել էր հանրահավաքի անցկացումը՝ պատճառաբանելով, թե նույն տեղում նույն ժամին մեկ այլ զանգվածային միջոցառում է նախատեսված, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ «ակնհայտ է, որ ոչ մի հրապարակային միջոցառում էլ չի անցկացվում, եւ արգելքը անհիմն էր»:

Հանրահավաքի ողջ ընթացքում տարածքը հսկում էին ոստիկանական խմբեր ու մեքենաներ:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց նախ ցավակցություն հայտնելով «Ոչ»-ի շարժման մասնակիցներին, քանի որ «չհաջողվեց կոտրել այդ չարաբաստիկ ստորագրությունը», ապա ցավակցեց իշխանություններին, որոնց այսօր «ճզմել են»:

Արձանագրությունների ստորագրումից առաջ հրապարակված Հայաստանի նախագահի ուղերձը Վահան Հովհաննիսյանը համարում է «շարժման հաջողություններից մեկը». - «Այն թեեւ ուշացած էր, սակայն դա նշանակում է, որ իշխանությունները կիսում են մեր մտահոգությունները: Մենք պետք է թույլ չտանք իշխանություններին կատարել երկրորդ սխալը»:

«Հայաստանի Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորները պետք է ընտրություն կատարեն, թե ում ծառայել` ժողովրդին, թե իշխանություններին», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով. - «Անցել է անդադար պաշտպանվելու եւ դիմադրելու ժամանակը, մենք անցնում ենք հարձակման, գրոհի»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վերստին հաստատեց կուսակցությանը տեսակետը, թե այս իրավիճակից լուծում գտնելու միակ ձեւը նախագահի հրաժարականն է:

«Համակարգափոխությունը այս երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Այս համակարգն է, որ ծնել է այս քաղաքականությունը եւ բերել է այս արդյունքները։ Եվ եթե մարտի 1-ին գնդակահարվեց մեր ժողովրդի իրավունքը, հոկտեմբերի 10-ին գնդակահարվեց ազգի իրավունքը», - հայտարարեց Սաֆարյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց այն քայլերի տրամաբանությունը, որոնցով պետք է առաջնորդվի արձանագրություններին «ոչ» ասող շարժումը. - «Մեր նպատակը մեկն է` տապալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Իսկ մեր նպատակին հասնելու համար մենք գնալու ենք բացառապես սահմանադրական ճանապարհով»:

«Առաջիկա պայքարի առաջին փուլը Սահմանադրական դատարանն է, որը կարող է եւ պետք է ոչ սահմանադրական ճանաչի այս արձանագրությունները: Եթե արձանագրությունները, այնուամենայնիվ, մտան Ազգային ժողով, պետք է պայքարենք, որպեսզի մեր խորհրդարանը չվեվավերացնի դրանք, պետք է թակենք ամեն պատգամավորի դուռը եւ բացատրենք, որ հեշտությամբ չպետք է սեղմի կոճակը, քանի որ երեխաների ապագայի հարցն է դրված սեղանին: Իսկ եթե Ազգային ժողովը վավերացնի, այդ դեպքում մեզ պետք են նոր իշխանություններ, նոր նախագահ ու նոր Ազգային ժողով, որի առաջին գործը կլինի այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելը», - իր ելույթում ասաց Ռուստամյանը: - «Իշխանությունները պարտավոր են հաշվի նստել հասարակական պահանջի հետ, վերադառնալ ելման կետին եւ վերսկսել բանակցությունները` առանց նախապայմանների: Մեր պայքարը ոչ թե ընդդեմի, այլ` հանունի պայքար է: Սա դեռ իշխանությունների հրաժարականի պահանջ չէ, բայց կարող է հանգեցնել դրան»:

Հանրահավաքում ելույթներ ունեցան նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ շարժմանը միացած այլ քաղաքական ուժերի ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG