Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը համոզված է, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը ուղղակիորեն առնչվում է Ղարաբաղյան խնդրին


«Միացում» նախաձեռնության ղեկավարներից Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ պատահական չեն Ադրբեջանից հնչող հայտարարությունները Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերաբերյալ. դրանք ուղղակի կապ ունեն «հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պայմանների հետ»:

«Այս ամբողջ սիրախաղը գնում է մեկ հարցի՝ տարածքների զիջման շուրջ: Թուրքիան այս ամբողջ պրոցեսը միայն ու միայն փորձում է օգտագործել այդ խնդիրը լուծելու նպատակով: Այս վերաստորագրումից հետո այսօր խնդիրը դրված է Սերժից կորզել Արցախի վերաբերյալ 7 տարածքների զիջման ստորագրություն», - ասաց Սեֆիլյանը՝ կարծիք հայտնելով, թե «եկող օրերին պիտի լսենք Արցախին վերաբերող ճանապարհային ինչ-որ քարտեզի, փաստաթղթի մասին»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, ստեղծված իրավիճակի հետ չի հաշտվի Ղարաբաղը. - «Համոզված եմ, որ այն պահը, երբ համարձակվեն խոսքից գործի անցնելու, տարածքների զիջելու, Արցախը անպայման ըմբոստանալու է»:

Մինչ այդ ըմբոստանում է «Միացում» նախաձեռնությունը` վերջին շաբաթներին այրելով հայ-թուրքական արձանագրությունները: Այս ակցիան ուղեկցվում է ստորագրահավաքով Երեւանի տարբեր համայնքներում։

Երեկվա ակցիայի մասնակից Վոլոդյա Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե ինչպես էին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները խոչընդոտում իրենց ակցիան. - «Մի 15-20 հոգի քաղաքացիական հագուստով մեզ շրջապատեցին եւ ստիպում էին, որ մեր սեղանները հավաքենք: Փորձեցին հաջորդ քայլը՝ խմած մարդիկ բերեցին, փորձեցին մեր հետ կռիվ սարքել… Ստիպված մենք թողեցինք-հեռացանք այդտեղից»:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե երեկ ոստիկանները չեն խոչընդոտել եւ առհասարակ ոչ մի ակցիա էլ տեղի չի ունեցել։

«Ոստիկանները չէին խոչընդոտում Դաշնակցության` շուրջօրյա ստորագրահավաքը, բայց հատուկ պատրաստվածությամբ խմբեր են գործուղում` «Միացում» նախաձեռնության վառած մոմերը հանգցնելու եւ ստորագրահավաքը կասեցնելու նպատակով», - համեմատեց Ժիրայր Սեֆիլյանը եւ հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացող ու ստորագրահավաք անցկացնող երկու քաղաքական կազմակերպությունների նկատմամբ դրսեւորվում է բացահայտ տարբերակված մոտեցում:

«Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ թուրք ֆուտբոլասերների պահվածքը հայ-թուքրական հարաբերությունների կարգավորման հարցում թուրքերի տրամադրվածության ցայտուն դրսեւորումն էր», - համոզմունք հայտնեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ առհասարակ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի այդպիսի վերաբերմունքի պատճառը Հայաստանի ներքաղաքական համակարգի թուլացած վիճակն է:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի խոսքով, հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցում զիջումներից խուսափելու համար անհրաժեշտ են համապատասխան գործողություններ. - «Մենք պետք է մեր երկրի ներսում հնարավորինս շուտ բարոյական ռեժիմ հաստատենք: Իշխանափոխություն ոչ միայն անհատների: Նաեւ արժեքային իմաստով իշխանափոխություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG