Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը վերադարձել է Երեւան


Արման Բաբաջանյանը ազատ արձակվելուց հետո: 4-ը օգոստոսի, 2009 թ.
Արման Բաբաջանյանը ազատ արձակվելուց հետո: 4-ը օգոստոսի, 2009 թ.

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը երեկ Միացյալ Նահանգներից վերադարձել է Հայաստան։ Օգոստոսի 12-ին նա վիրահատվել է եվրոպական նյարդավիրաբուժական կենտրոններից մեկում, իսկ հետվիրահատական կազդուրման շրջանը անցել է Միացյալ Նահանգների մասնագիտացված կլինիկամերից մեկում։

Հեռացվել է գլխուղեղի հիպոֆիզի վրա հայտնաբերված ուռուցքը, արձանագրվել է նաեւ, որ ոտքի հետ կապված խնդիրները ստացած կաթվածի հետեւանք էին։

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ: Ինքը Արման Բաբաջանյանը նույնպես դրական առաջխաղացում է տեսնում, ասաց, որ ներկայումս ընթացիկ բուժման դեղամիջոցներ է ընդունում։

«Հիմա ես նախեւառաջ խնդիր ունեմ ինձ դրսեւորել թերթում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Արման Բաբաջանյանը՝ հավելելով. - «Եվ, իհարկե, զբաղվել քաղաքականությամբ: Վերջնահաշվում ես ինձ ավելի շատ պատկերացնում եմ հենց քաղաքական ասպարեզում»:

Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ այս տարվա օգոստոսի 4-ին՝ պատժաժամկետը լրանալուց ընդամենը 40 օր առաջ, վաղաժամկետ ազատ արձակված լրագրողը կարծում է, որ իր ազատությունը պայքարի արդյունք է։

«Իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման վարկածը եւս մեկ անգամ հաստատվեց համաներման չկիրառմամբ», - ասաց Արման Բաբաջանյանը։ Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշմամբ հայտարարված համաներումը, հիշեցնենք, Արման Բաբաջանյանի վրա չտարածվեց։ Սա Արման Բաբաջանյանի ազատազրկման տարիների ընթացքում հայտարարված 2-րդ համաներումն էր։ Երկու դեպքում էլ համաներումը նրա վրա չի տարածվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։

Վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսին եւ 2007 թվականի հունվարին կայացրած երկու որոշումները բողոքարկող հայցը լրագրողի փաստաբանը ուղարկել է Մարդու Իրավունքների եվրոպական դատարան:
XS
SM
MD
LG