Մատչելիության հղումներ

Բուրսայում կայացան հայ - թուրքական բանակցությունները


Աբդուլա Գյուլը Բուրսայում ողջունում է Սերժ Սարգսյանին, 14 հոկտեմբերի, 2009

Աբդուլա Գյուլը Բուրսայում ողջունում է Սերժ Սարգսյանին, 14 հոկտեմբերի, 2009

Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում կայացան բանակցությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այստեղ ժամանած պատվիրակության եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորած պատվիրակության միջեւ: Այդ բանակցություններին հետեւեց նախագահների դեմ առ դեմ հանդիպումը:

Չորեքշաբթի երեկոյան կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստանի նախագահը Բուրսա ժամանեց Երեւանի ժամանակով ժամը 18:40: Օդանավակայանում Հայաստանի պատվիրակությանը դիմավորեցին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Սերժ Սարգսյանի հետ Թուրքիա են ժամանել նաեւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի եւ արտգործնախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահին ուղեկցում են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Օդանավակայանից Սերժ Սարգսյանը նախ ուղեւորվեց «Հոլիդեյ ինն» հյուրանոցը, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ:

Հետո նախագահն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ժամանեցին «Ալմիրա» հյուրանոց, որտեղ նրանց արդեն սպասում էին նախագահ Աբդուլա Գյուլը եւ թուրքական պատվիրակության անդամները:

Բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահի անունից Սերժ Սարգսյանի պատվին տրվեց ճաշ եւ կազմակերպվեց ընդունելություն, այնուհետեւ երկու նախագահները ուղեւորվեցին Աթաթուրքի անվան մարզադաշտ, որտեղ Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին սկսվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան հանդիպումը:

Ֆուտբոլային խաղից հետո` Երեւանի ժամանակով ժամը 02:30-ի սահմաններում, նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հայտարարությունը լրագրողների համար, այնուհետեւ Հայաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Սա նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն է Թուրքիա:

Թուրքիա այցելելու հրավերը Հայաստանի նախագահին հղել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր հայաստանցի պաշտոնակցի հրավերով ժամանել էր Երեւան` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:

Այդ հանդիպումը ավարտվել էր Թուրքիայի հաղթանակով` 2:0:

Հոկտեմբերի 14-ի հանդիպումը կրկին հաղթանակ բերեց Թուրքիայի հավաքականին` 2:0 հաշվով: Առաջին խաղակեսում Հալիլ Ալթինթոփի եւ Սերվետ Չեթինի խփած գնդակները այդպես էլ մնացին անպատասխան:


Կարինե Սիմոնյան եւ Գեւորգ Ստամբոլցյան, Բուրսայից


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG