Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտին քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրողներին հետապնդելու համար


Միկլոշ Հարաշտի
Միկլոշ Հարաշտի

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով պատասխանատու Միկլոշ Հարաշտին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` զրպարտության մեղադրանքով հինգ լրագրողների քրեական պատասխանատվության ենթարկելու եւ երկուսին ազատազրկելու համար:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` Հարաշտին այդ մասին նամակ է հասցեագրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որտեղ ընդգծել է. - «Այդ դատավճիռները է'լ ավելի են խստացնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված քրեական հետապնդումները: Ադրբեջանում ազատազրկված հինգ լրագրող կա, որը ամենամեծ թիվն է ԵԱՀԿ-ի անդամ երկրներում»:

Բաքվի դատարանի` հոկտեմբերի 8-ին կայացրած որոշման համաձայն, Nota օրաթերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլին եւ լրագրող Ֆարամազ Ալլահվերդիեւը եռամսյա ազատազրկման են դատապարտվել` զրպարտության համար: Նույն օրաթերթի մեկ այլ թղթակից` Ռամիզ Թաղիեւը, նույն մեղադրանքով դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման:

Լրագրողների դեմ հարուցված մեկ այլ գործով դատապարտվել են Fanat.az ինտերնետային պարբերականի թղթակից Նաթիք Մուխթարը եւ խմբագիր Զահիդ Ազամաթը. նրանց նկատմամբ պատժի միջոց է ընտրվել ուղղիչ աշխատանքը: Լրագրողները, դատարանի որոշման համաձայն, պարտավորվել են շուրջ մեկ տարի սեփական աշխատավարձի 20 տոկոսը փոխանցել «Խազար Լանքյարան» ֆուտբոլային ակումբի նախագահին` վերջինիս զրպարտելու եւ արժանապատվությունը վիրավորելու համար:

«Կոչ եմ անում Ձեր կառավարությանը վերանայել այդ դատավճիռները, որոնք հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք ոչ մի դեպքում չեն հաստատել լրագրողի ազատազրկումը մասնագիտական սխալների համար», - գրել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը Ադրբեջանի արտգործնախարարին եւ ընդգծել.-- «Ժամանակն է, որ Ադրբեջանը մեկընդմիշտ դադարեցնի այդօրինակ վարկաբեկիչ դատական գործընթացները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG