Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ նախագահի դրած «պայմանները բավարարված չեն»


Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, այսօր գոյություն չունեն այն նախադրյալները, որոնց առկայության դեպքում միայն նախագահ Սերժ Սարգսյանը, իր իսկ խոսքով, պիտի մեկներ Թուրքիա:

Հայաստանի նախագահը, հիշեցնենք, օգոստոսին BBC-ին տված հարցազրույցում ասել էր. - «Ես կգնամ Թուրքիա այդ խաղին՝ եթե մեր սահմանն արդեն բաց լինի կամ մենք գտնվենք դրա շեմին»:

Իսկ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շորեքշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող հայտարարել, թե սահմանի բացումը շատ մոտ է եւ անխուսափելի:

«Եթե նրանք [Հայաստանի իշխանությունները] պատրաստ են գնալու նաեւ այն մյուս զիջումներին, որպեսզի ճանապարհի բացումը դառնա շատ մոտալուտ եւ անխուսափելի՝ սա առանձին խոսակցության թեմա է: Բայց նախագահի դրած պայմանները, ես կարծում եմ, բավարարված չեն», - ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Ի վերջո, նախագահը նախագահ է, եւ ինքը հստակ կարող է ասել՝ ես խոսք էի տվել գալ այս պայմաններում, այս պայմանները բավարարված չեն, ուրեմն ֆուտբոլը կդիտեմ հեռուստատեսությամբ»:

Նրա խոսքով, Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ընդգծել են, թե սահմանը չի բացվի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը: Հովհաննիսյանի կարծիքով, Թուրքան, գուցե նաեւ այլ պետություններ Ադրբեջանի ղեկավարությանը բացատրել են, որ պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, քանի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հենց Ադրբեջանի օգտին է, թե այդ ճանապարհով «քայլ առ քայլ հայերին կպարտադրենք նաեւ Ղարաբաղի հարցում զիջել»:

«Դա է պատճառը, թե ինչու վերջին ժամանակներում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը կարծես մի քիչ պակասել է», - հավելեց նա:

Անդրադառնալով Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ որոշակի ձգձգմանը՝ Հովհաննիսյանն ասաց, թե դրա պատճառը հարկավոր էր բարձրաձայնել. թե ի՞նչ էր ցանկանում հայտարարել Թուրքիայի արտգործնախարարը, ինչին դեմ է եղել Նալբանդյանը, եւ ոչ թե «ծածկադմփոցով» ստորագրել արձանագրությունները:

Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները վավերացնի մինչեւ տարեվերջ, քանի որ «բոլորին, այդ թվում մեր իշխանություններին, պարզ է դարձել, որ էապես շահող կողմը Թուրքիան է»:

Նախագահի հրաժարականի պահանջ բարձրացնելուն վերաբերող հարցին ի պատասխան, Հովհաննիսյանը կրկին ասաց, թե «իշխանափոխության հարցը իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց», եւ եթե «միջոցներից վերջին մնա իշխանափոխությունը», իրենք կանգ չեն առնի:

Նա հայտարարեց նաեւ, որ հոկտեմբերի 16-ի հանրահավաքը Շառլ Ազնավուրի հրապարակում, չնայած քաղաքապետարանի մերժմանը, տեղի ունենալու է, քանի որ մերժումը օրենքի սահմաններում չի արված, ըստ օրենքի, հանրահավաքն անցկացնելու համար իրենց պետք է առաջարկվեր մեկ այլ վայր, ինչը չի արվել:

«Միայն բանավոր տեղյակ են պահել մեզ, որ այնտեղ այդ ժամին պետք է տեղի ունենա այլ միջոցառում: Իսկ երբ բանավոր զրույցի մեջ մենք ասել ենք, որ մեկ այլ տեղ կանենք, ասել են՝ այդ տեղում էլ կկազմակերպենք միջոցառում: Ինչից մեզ պարզ է դարձել, որ խնդիրը արգելելու ցանկությունն է, իսկ նման ցանկության հետ մենք հաշվի նստել չենք կարող», - փոխանցեց Վահան Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG