Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանեց Թուրքիա


Սերժ Սարգսյանը Երեւանում ողջունում է Աբդուլա Գյուլին, 6 սեպտեմբերի, 2009

Սերժ Սարգսյանը Երեւանում ողջունում է Աբդուլա Գյուլին, 6 սեպտեմբերի, 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին ժամանեց Բուրսա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

Սերժ Սարգսյանի հետ Թուրքիա են ժամանել նաեւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի եւ արտգործնախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահին ուղեկցում են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Նախագահ Սարգսյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեց Թուրքայի արտգործնախարար Դավութօղլուն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը հայտնել էր, որ Բուրսայում Սերժ Սարգսյանը նախ կայցելի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին` քաջալերելու նրանց հանդիպումից առաջ:

Հայաստանի նախագահը Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահի հետ, կլինի նաեւ հանդիպում ընդլայնված կազմով:

Բուրսայում Թուրքիայի նախագահի անունից Սերժ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ եւ կկազմակերպվի ընդունելություն:

Հայաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երեւան:

Սա նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն է Թուրքիա:

Թուրքիա այցելելու հրավերը Հայաստանի նախագահին հղել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր հայաստանցի պաշտոնակցի հրավերով ժամանել էր Երեւան` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:

Այդ հանդիպումը ավարտվել է Թուրքիայի հաղթանակով` 2:0:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, մասնավորապես, որ երկու երկրների ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով իր Բուրսա մեկնելու նախադրյալները այսօր` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, առկա են:

«Թուրքիայի նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, եւ ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու: Իմ գործընկերը գրավոր հրավեր է ուղարկել, եւ եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին», - ասել էր Հայաստանի նախագահը:

Մինչ օգոստոսի 31-ին հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրումը Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե հայ - թուրքական սահմանը բաց լինի կամ կողմերը մոտ լինեն դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG