Մատչելիության հղումներ

Զուրաբյանի կարծիքով, նախագահ Սարգսյանին կդիմավորեն «ամենամեծ պատիվներով»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ Բուրսայում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ամենամեծ պատիվներով, քանի որ, ըստ նրա, «որեւէ հայ ղեկավար երբեք այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիայի պետությանն ու թուրք ազգին»:

«Նա [Սերժ Սարգսյանը] ունենալու է բոլոր պատիվները, նրան կընդունեն մեծ հյուրասիրությամբ, իսկ այնտեղ ժամանած պատվիրակության անդամներն էլ կգոռան «Առաջ Հայաստան»», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց կոնգրեսի համակարգողը:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Զուրաբյանը գնահատում իբրեւ գործարք, որի արդյունքում Թուրքիան ստացավ իր ուզածը, իսկ Հայաստանը` ընդամենը սահմանի բացման խոստում։

«Հայաստանը զիջումների գնաց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում` դրա դիմաց ակնկալելով բաց սահման, սա է գործարքի իմաստը», - վստահ է Լեւոն Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողի կարծիքով, «հայ-թուրքական արձանագրություններում եղած պատմաբանների ենթահանձնաժողովի մասին դրույթի շնորհիվ Ցեղասպանության ճանաչման հարցը, ըստ էության, հանվում է ԱՄՆ նախագահի, Սենատի ու այլ երկրների օրակարգից»:

«Այս գործարքը հետեւանք է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից Հայաստանում քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգի ստեղծման, ինչպես նաեւ այն ճակատագրական որոշման, երբ Ցեղասպանության հարցը Ռոբերտ Քոչարյանի կողմից մտցվեց պետական արտաքին քաղաքականության օրակարգ եւ դարձավ քաղաքական սակարկման առարկա», - ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանը խոսեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի հրապարակային պայքարի հարաբերական դադարի մասին` բացատրելով, որ «դադարը վերաբերում է միայն զանգվածային միջոցառումներին». - «Այդ դադարը նպատակ ունի միայն ակտիվացնել հասարակական եւ քաղաքական այն ուժերը, որոնք ռեժիմի ու շարժման պայքարում ակտիվ կամ պասիվ սատարում էին ռեժիմին, սակայն հիմա, գիտակցելով վարչախմբի կործանարար քաղաքականության հետեւանքները, կմիանան ընդհանուր պայքարին»:

Կոնգրեսի համակարգողը չի բացառում վերջին շրջանում հայ-թուրքական զարգացումների դեմ պայքարող ուժերի հետ համագործակցության հնարավորությունը, սակայն նշեց, որ «կամ նրանք կշարունակեն լինել իշխանության կողմից գծված սցենարի դերակատար, կամ կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը և կբռնեն պայքարի իրական ճանապարհ»:

Ի դեպ, Լեւով Զուրաբյանի մեկնաբանությամբ, Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը «Ժառանգության» կողմից` այն գնահատելով որպես «եւս մի լումա այն նժարի վրա, որը կտանի դեպի հաղթանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG