Մատչելիության հղումներ

Արեւմտյան եւ թուրքական մամուլը անդրադարձել է «ֆուտբոլային դիվանագիտությանը»


Նորվեգիան` մեծ հումանիստ, հայ ժողովրդի բարեկամ, գիտնական ու դիվանագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի երկիրը, ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի պատմական համաձայնությունը։ Norway Post պարբերականի փոխանցմամբ` արտգործնախարար Յոնաս Ստուրեն Օսլոյում հայտարարել է, որ համաձայնության ստորագրումը «հակամարտության եւ անվստահության փակ շղթան կտրելու` առաջնորդների խիզախության օրինակ է»։

«Ես կոչ եմ անում երկու երկրների ընտրյալ օրենսդիրներին` դրսեւորել նույն խիզախությունն ու իմաստնությունը եւ վավերացնել համաձայնությունը, որ այն հնարավորինս արագ վերածվի գործնական քաղաքականության` ի շահ երկու պետությունների եւ ազգերի եւ ամբողջ տարածաշրջանի ժողովրդի», - ասել է Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Fox News հեռուստակայանի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը ասել է, թե բոլոր ֆուտբոլասերներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, որոնց կարող են դիմել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման գաղափարը մերժող մարդիկ։

Washington Post-ը գրել է, թե «Հայաստանի նախագահի այցի առիթով օսմանյան հին մայրաքաղաք Բուրսան պատրաստվում է մատուցել թուրքական լավագույն հյուրընկալությունը»։

Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիան եւ Հայաստանը վերջապես բացում են իրենց համատեղ պատմության նոր էջը։

Telegraph-ը վկայակոչել է Ստամբուլի Բահչեշեհիրի համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ Չենգիզ Աքթարին, ով Ցյուրիխում ստորագրված համաձայնության առիթով ասել է, թե «արագ լուծումներ չեն լինում, սակայն պատմական առումով դա, իհարկե, ուղենիշ է»։

Star, Canal D, CNN Turk եւ Haberturk հեռուստակայանները լուսաբանել են Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորների այցը Անկարա։ «Ադրբեջանը հուսով էր, որ Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու քաղաքականությունը։ Այն չի կարելի բացել, քանի դեռ հայերը չեն ազատում ադրբեջանական տարածքները», - ասել է պատվիրակության ղեկավար Գանիրա Փաշաեւան։

CNN International հեռուստակայանը նախագահ Սերժ Սարգսյանի այցի եւ երկու հավաքականների հանդիպման մասին ռեպորտաժում վկայակոչել է Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի հարցերով փորձագետ Հյու Փոուփին, ով ասել է, թե հայ - թուրքական կարգավորումն այն մի քանի բնագավառներից է, որտեղ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նույն ուղղությամբ են շարժվում։ «Երկուսն էլ ցանկանում կայուն տեսնել Կովկասը», - նշել է փորձագետը։

Միջազգային ֆուտբոլի անցուդարձը լուսաբանող ինտերնետային ամենահեղինակավոր կայքէջերից Goal.com-ի մասնագետները կանխատեսումներ են արել չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպումների վերաբերյալ։ Նրանց կարծիքով` Թուրքիա - Հայաստան հանդիպումը հավանաբար կավարտվի ոչ-ոքի` 1-1 հաշվով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG