Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է միակողմանի զիջումների գնալու մեջ


Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալ
Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալ

«Թուրքիայի կառավարության որդեգրած արդյունավետ քաղաքականության արդյունքում Հայաստանի հետ փոխհարաբերությունները բավական բարձր մակարդակի են հասել», - երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին խոսքը, անշուշտ, խորհրդարանինն է», - ասել է Էրդողանը եւ միեւնույն ժամանակ ընդգծել, որ արձանագրությունները վավերացնելիս պատգամավորները պետք է հաշվի առնեն նաեւ Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումները:

«Ցյուրիխում` արձանագրությունների ստորագրման արարողությանը, ներկա էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները. դրանով մենք ցույց տվեցինք , թե որքան կարեւոր է Ղարաբաղյան խնդրի լուծումը մեզ համար», - ընդգծել է Էրդողանը եւ հավելել. - «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որ ես ներկայացրեցի Ադրբեջանի խորհրդարանում ամիսներ առաջ ունեցած ելույթիս ժամանակ»:

Հիշյալ ելույթում Թուրքիայի վարչապետը վստահեցրել էր, թե հայ - թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը:

«Այս գործընթացները զուգահեռ են ընթանում», - երեքշաբթի օրը եւս մեկ անգամ հայտարարել է Էրդողանը եւ հավելել. - «Եթե հայ - ադրբեջանական տարաձայնությունները հարթվեն, առավել դյուրին կդառնա նաեւ հայ - թուրքական հաշտեցումը»:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` արձանագրությունների շուրջ հաջորդ շաբաթ խորհրդարանում հանդես կգա նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որից հետո պատգամավորները կսկսեն փաստաթղթերի քննարկման գործընթացը եւ կորոշեն` վավերացնե՞լ դրանք, թե՞ ոչ:

Ընդդիմությունը, մինչդեռ, շարունակում է քննադատել կառավարության նախաձեռնությունը` պնդելով, թե Թուրքիան գնում է միակողմանի զիջումների եւ պարտվում է գործընթացում:

«Արձանագրություններում ակնարկ անգամ չկա այն մասին, թե Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության շուրջ պնդումներից եւ խոստանում է դուրս բերել զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին եւ հավելել. - «Վարչապետի հայտարարությունները, թե փաստաթղթերը չեն վավերացվի մինչեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որեւէ իրավաբանական ուժ չունեն: Եթե իշխանությունները այդքան կարեւորում էին հարցը, ինչո՞ւ չներառեցին այդ պայմանը արձանագրություններում»:

Արձանագրությունների վավերացմանը շարունակում է դեմ արտահայտվել նաեւ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը` Ժողովրդական-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը:

«Այս գործընթացը պարտադրվում է Թուրքիային», - հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը եւ մանրամասնել. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների առաքելությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորումն է, մինչդեռ նրանք այժմ զբաղված են հայ - թուրքական սահմանի բացմամբ: Եթե ուզում եք, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, նախ ազատագրեք ադրբեջանական հողերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG