Մատչելիության հղումներ

«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի տարածած տեղեկատվությունը, որ 2010 թվականին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի սակագինը կկազմի 180 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։

«Հայռուսգազարդ» եւ «Գազպրոմէքսպորտ» ընկերությունների միջեւ ստորագրված բնական գազի առք ու վաճառքի երկարաժամկետ պայմանագրով, հիշեցնենք, ամրագրված էին 2009-ից մինչեւ 2015 թվականը ներառյալ դեպի Հայաստան բնական գազի առաքման հիմնական պայմանները, եւ այս տարեսկզբին ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում գազի սակագնի աստիճանական բարձրացման հարցը:

«Հայռուսգազարդ»-ը այս տարվա ապրիլից սկսեց սահմանի վրա գազը գնել՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարելով ոչ թէ 110, այլ 154 ամերիկյան դոլար։ Այս սակագինն ուժի մեջ է մինչեւ 2010 թվականի մարտի 31-ը։

«2010 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում էր 1000 խորանարդ մետրի դիմաց 200 դոլար, եւ, ինչպես այսօր արդեն հաղորդել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, բանակցություններ են ընթանում այդ 200 դոլարը նվազեցնելու հետ կապված: Կա մոտավոր պայմանավորվածություն այն գնի շուրջ, ինչ այսօր հրապարակել է «Կոմերսանտ» պարբերականը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը:

Այսպիսով, ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման, Հայաստանին վաճառվող գազի գինը կարող է նվազել՝ հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց 180 դոլարի։

Ի դեպ, նմանօրինակ զեղչը պայմանավորված է ոչ միայն ռուսական կողմի բարի նպատակներով, այլեւ այն հանգամանքով, որ հաջորդ տարի բնական գազի գինը Եվրոպայում այս տարվա առաջին կիսամյակի համեմատ կլինի ավելի ցածր:

«Հենց դա էլ թույլ է տալիս ռուսաստանյան կողմին վերանայել գնային քաղաքականությունը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենասերտ գործընկերների նկատմամբ, որոնց թվին է Կրեմլը դասում, մասնավորապես, Հայաստանը», - գրում է թերթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG