Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը արձանագրությունների ստորագրումը որակում է «իշխող վարչախմբի քաղաքական սնանկության ապացույց»


«Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության եւ դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ տարածված հայտարարությունում:

«Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը` դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ` աշխարհի առջեւ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը», - հայտարարում է ՀԱԿ-ը: - «Մինչդեռ, ինչպես մինչեւ փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես` անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ»:

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետեւանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ` այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը եւ իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ` Սերժ Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում», - ասված է հայտարարությունում: - «Հակազգային այս գործընթացը կանխելու եւ հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ եւ այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի եւ հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG