Մատչելիության հղումներ

Ստեղծվել է քաղաքական նոր շարժում` «Սարդարապատ»


«Միացում» շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի, «Ժառանգություն» կուսակցության նախկին քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի` լրագրողների հետ հանդիպման հիմնական առիթը «Սարդարապատ» շարժման ստեղծման մասին հայտարարությունն էր։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ «Սարդարապատ» շարժումը, «լինելով վերկուսակցական, ոչ այնքան ստեղծվում է` կասեցնելու հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչումը, որքան նպատակ է հետապնդելու կերտել այնպիսի Հայաստան, ուր կիշխեն բարոյականությունը, արդարությունը եւ հայաստանակենտրոնությունը»։

Բանախոսները նշեցին նաեւ, որ առաջիկայում կստեղծվի «Սարդարապատ» կոմիտե, որն էլ կհամակարգի նոր շարժման ձեւավորման աշխատանքները։

«Դաշնակցությունն իր ընթացքի մեջ անկեղծ չէ», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` մեկնաբանելով ՀՅԴ նախաձեռնություններն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Նրա խոսքով, «եթե Դաշնակցությունը խնդիր ունենար կասեցնելու Սերժ Սարգսյանի ընթացքը, ապա ամենաքաղաքակիրթ ձեւը, օրինակ, մեկ միլիոն ստորագրություն հավաքելն էր ու սեղանին դնելը»։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներից Վարդան Խաչատրյանի կարծիքով, դեմ լինելով հայ-թուրքական արձանագրություններին` նոր շարժումը Հայաստանում շատ ավելի լուրջ փոփոխություների խնդիր է դնում, քան «մինչեւ օրս հնչել է քաղաքական ուժերի կողմից»։

«Բազմամյա աղճատիչ գործունեության արդյունքում` այսօր ունենք տասնյակ կուսակցություններով եւ խմբավորումներով տրոհված երկիր, ապակողմնորոշված ու մոլորված ժողովուրդ», - նշված է նորաստեղծ շարժման հայտարարության մեջ:

Պատասխանելով իր կողմից ավելի վաղ ստեղծված «Միացում» շարժման ճակատագրի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ «Միացման» նպատակը հասարակության մեջ անհրաժեշտ գաղափարների առաջ մղումն էր, իսկ «Սարդարապատը» շարժումը պետք է առաջնորդի ժողովրդին։

Ժիրայր Սեֆիլյանը խոսեց նաեւ ընդիմադիր Հայ ազգային կոնգրեսին իր անդամակցության մասին` ասելով. – «Դժբախտաբար տերպետրոսյանական շարժումը չկարողացավ հետընտրական գործընթացը բարեհաջող ավարտին հասցնել: Մենք այդ շարժման այն ներկայացուցիչներն ենք, որ երկար չենք կարող ձեռքներս ծալած նստել. ժամանակն է գործելու»: Բայցեւ ավելացրեց. - «Մենք երբեք դուրս չենք գա Տեր-Պետրոսյանի ղեկավարած դաշտից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG