Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը մերժել է Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ներկայացրած իրազեկման հայտը ուրբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:

Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանը նպատակահարմար չի գտել միջոցառման անցկացումը՝ պատճառաբանելով, որ նույն օրն ու նույն ժամին տեղի է ունենալու մեկ այլ միջոցառում: Թե ինչ միջոցառում` որեւէ տեղեկություն չկա, բացի այդ, ըստ Հարությունյանի, քաղաքապետարանը, խախտելով օրենքը, այլընտրանք, այսինքն` միջոցառումն անցկացնելու որեւէ այլ տեղ չի առաջարկել:

Այդուամենայնիվ, հոկտեմբերի 16-ին Դաշնակցությունը անցկացնելու է հայ - թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման դեմ միջոցառումը:

Երեւանի քաղաքապետարանը անցյալ տարի էլ մերժել էր Դաշնակցության իրազեկման հայտը սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Անկախության օրվան նվիրված հանրահավաք անցկացնելու մասին: Թաթուլ Հարությունյանի վկայությամբ` այն ժամանակ էլ քաղաքապետարանը օրենքի խախտմամբ որոշում էր կայացրել, եւ կուսակցությունը Վարչական դատարանին դիմելուց հետո թույլտվություն ստացավ հանրահավաքը անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG