Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնն ու Սերգեյ Լավրովը բարձր են գնահատում «ցյուրիխյան համաձայնությունը»


Հիլարի Քլինթոնը եւ Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվայում: 13-ը հոկտեմբերի, 2009թ.
Հիլարի Քլինթոնը եւ Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվայում: 13-ը հոկտեմբերի, 2009թ.

Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը եւս մեկ օրինակ է, թե ինչպես Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կարող են համագործակցել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի հենց սկզբում Քլինթոնը նաեւ ընդգծել է, որ հայ - թուրքական հարցում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համակարծիք են եւ միասին են գործել, որպես լավ օրինակ մատնանշելով այդ արձանագրությունները:

Սերգեյ Լավրովը եւս ասուլիսի ժամանակ անդրադարձել է հակամարտությունների թեմային` ասելով, որ Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը քննարկվել է նաեւ ԱՊՀ-ի տարածքում հակամարտությունների հարցը, թեեւ կոնկրետ չի նշել, թե հատկապես որ հակամարտությունների մասին է խոսքը:

Փորձագետները մինչեւ այս հանդիպումը ասում էին, որ ԱՄն-ի պետքարտուղարի մոսկովյան բանակցությունների օրակարգում կլինեն ե'ւ հայ - թուրքական հարաբերությունների, ե'ւ Ղարաբաղի հարցերը:

Ե'վ Քլինթոնը, ե'ւ Լավրովը ասուլիսի ժամանակ նշել են, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համագործակցում են շատ հարցերում: Պետքարտուղարի խոսքերով` ռուս - ամերիկյան հարաբերությունները նոր փուլ են մտել, երբ իսկապես ստացվում է հաջողությունների հասնել:

Միաժամանակ, Հիլարի Քլինթոնը շեշտել է, որ կան հարցեր, որոնց շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մինչ օրս համաձայնության չեն եկել: Նա, մասնավորապես, հստակ նշել է Վրաստանի հարցը` հայտարարելով, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG