Մատչելիության հղումներ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը կխթանի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը


Կովկասյան տարածաշրջանի հարցերով ՆԱՏՕ-ի պատասխանատու ներկայացուցիչ Զբիգնեւ Ռիբացկու գնահատմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից եւ այդ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առավել բարենպաստ հունով կզարգանան Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Հայաստանի հարաբերությունները: Այս մասին նա հայտնեց` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին: ԼՐԱՑՎԱԾ

«Թեւ դա արագ տեղի չի ունենա, սակայն ես հավատում եմ, որ այս իրադարձությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասին առավել ճիշտ պատկերացումների ձեւավորումը Հայաստանում մի օր կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ավելի արդյունավետ համագործակցության», - նշեց Զբիգնեւ Ռիբացկին։

Հոկտեմբերի 12-ից Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը, որի շրջանակներում տեղի են ունենում դաշինքի ծրագրերին եւ, մասնավորապես, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանից հրավիրած մի շարք պաշտոնյաներ։

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կարծիքով, Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի մասին առավել ճիշտ, օբյեկտիվ պատկերացումների ձեւավորմանը զգալի չափով խանգարել են դեռ խորհրդային տարիներից հասարակական գիտակցության մեջ արմատավորված սխալ կարծրատիպերը։ Ըստ նրա, նման մոտեցումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի մյուս երկրներին:

«Այս հարցում որոշակիորեն էական է եղել Ռուսաստանի ազդեցությունը, որի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները ոչ միշտ են լավ եղել», - հավելել է Ռիբացկին։

Զբիգնեւ Ռիբացկու փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի հանդեպ հայ հասարակության վերաբերմունքը պայմանավորված է եղել նաեւ դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությամբ ու այդ երկրի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքով։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարում է, որ ձեւավորվող նոր իրողությունների համատեքստում Հայաստանը ձգտի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առավել սերտ` ընդհուպ մինչեւ լիարժեք անդամությանը միտված հարաբերությունների, Զբիգնեվ Ռիբացկին պատասխանեց. - «Գործընկեր երկրներն ազատ են ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների աստճանն ինքնուրույն որոշելու հարցում»:

Նա հավելեց, որ, անշուշտ, էական են նաեւ դաշինքի կողմից անդամակցության ցանկություն հայտնած երկրներին ներկայացվող պահանջները։ Միով բանիվ, ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով, եթե մի օր Երեւանը կայացնի նման որոշում, ապա ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Հայաստանի հետ կքննարկի այն։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների սերտացման ներկայիս ընթացքն ու, մասնավորապես, հայտնի արձանագրությունների ստորագրումը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարեւոր համարեց նաեւ քննարկման մեկ այլ մասնակից` Բրյուսելում տեղակայված «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը։

Ընդգծելով, որ այս գործընթացի բարեհաջող զարգացմամբ շահագրգիռ է ողջ միջազգային հանրությունը՝ Քեմբեքը մասնավորեցրեց. - «Սա այն պահն է, որ միջազգային հանրությունը պետք է Հայաստանին ցույց տա ու ապացուցի, թե իրականում որքան արժեքավոր է մերձեցման այս գործընթացը»։

Նա հատուկ շեշտեց, որ խոսքն ամենեւին էլ չի վերաբերում այստեղ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի ազդեցության ուժեղացմանը. - «Ներկայումս շատ կոնկրետ օրինակով հարկ է ցույց տալ, որ սկսված գործընթացները կարեւոր են նախ եւ առաջ տարածաշրջանում կայունություն ձեւավորելու առումով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG