Մատչելիության հղումներ

logo-print

Հայ - թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ցույց Բաքվում


Հայ - թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ցույցը Բաքվում, 13 հոկտեմբերի, 2009

Հայ - թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ցույցը Բաքվում, 13 հոկտեմբերի, 2009

Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը երեքշաբթի օրը բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մոտ, որի ժամանակ այրել է Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի լուսանկարները:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հայ - թուրքական ստորագրված արձանագրությունների դեմ բողոքի ակցիայի ընթացքում նաեւ այսպիսի կոչեր են հնչել` «Թուրքիա, մի' վաճառիր Ղարաբաղը հայերին», «Ամոթ թուրքական իշխանությանը», «Կա'մ Ղարաբաղ, կա'մ մահ»:

Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել մոտենալ դեսպանության շենքին, ուստի բողոքի ակցիան անմիջապես դեսպանատան առջեւ չի անցկացվել, այլ` հարակից այգում:

Ինչպես ադրբեջանական աղբյուրներն են փոխանցում, բողոքի այդ ակցիան տեւել է ընդամենը 10 րոպե, ինչից հետո ոստիկանները ցրել են այն:

Ըստ որոշ տեղեկությունների, կան նաեւ ձերբակալվածներ, նրանց թվում է նաեւ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին, - տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ոստիկանները ակցիայի կազմակերպիչներին չեն թույլատրել նաեւ Թուրքիայի դեսպանություն հանձնել պատրաստած հայտարարությունը:

Այդ հայտարարության մեջ կազմակերպությունը պահանջում է Թուրքիայի իշխանություններից` հրաժարվել Հայաստանի հետ սահմանը բացելու գաղափարից եւ դադարեցնել Հայաստանի հետ բանակվցություններն ընդհանրապես:

Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ հորդորել են թուրք խորհրդարանականներին` չվավերացնել խորհրդարան ներկայացվելիք արձանագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG