Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ Սարգսյանի ու Մեդվեդեւի հանդիպումը


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ռուսաստանյան Գորկիում, 12-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ռուսաստանյան Գորկիում, 12-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ընթացիկ տարվա ընթացքում իրենց յոթերորդ հանդիպումն անցկացրին երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի Գորկիի նստավայրում:ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի նախագահի մեկօրյա աշխատանքային այցի օրակարգում էին առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, էներգետիկ խոշոր նախագծերի իրագործմանը, այլ խնդիրների վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաեւ հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած գագաթնաժողովի արդյունքները:

Օրակարգում էին նաեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ Ղարաբաղյան կարգավորումը:

Ռուսաստանյան աղբյուրները հիշեցնում են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքները մեղմելու համար Ռուսաստանը 500 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերը, որ ռուսաստանյան ընկերությունները ապահովում են Հայաստանի պահանջները գազի, ատոմային վառելիքի ոլորտներում:

Ռուսաստանյան աղբյուրները նշում են նաեւ, որ առաջիկայում կիրագործվեն համատեղ տրանսպորտային նախագծեր. խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը մտադիր է ապահովել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային կապը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, ասել է. - «Ինչպես եւ պայմանավորվել էինք` շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ շփվում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Վերջերս հանդիպեցինք Քիշնեւում, քննարկեցինք ԱՊՀ-ի հեռանկարները եւ առկա դժվարությունները, հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շատ բարդ խնդրի շուրջ հանդիպում ունեցանք` Ադրբեջանի Նախագահի մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ դա, այս պարագայում ես ի նկատի ունեմ այդ գործընթացում Ռուսաստանի միջնորդական մասնակցությունը, մեր հարաբերությունների շատ կարեւոր չափումներից է: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգին առնչվող հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ»:

«Ցավոք սրտի, ճգնաժամը ոչ ոքի չի խնայում, եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն, իհարկե հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը, այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայցեւայնպես նշանակալի անկում է` գրեթե 20 տոկոս: Պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերած տեմպերի պահպանումը կարեւոր է ե'ւ Հայաստանի, ե'ւ Ռուսաստանի համար: Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում: Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքանով տեղյակ եմ պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար շատ հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է, որ այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս - հայկական երկխոսությունը», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է. - «Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է` քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքը, իմ կարծիքով, մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի: Այդ առնչությամբ, կարծում եմ, որ այսօր մեծ եւ հարուստ օրակարգ ունենք»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում Ձեր անձնական մասնակցության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերություների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության», - ասել է Հայաստանի նախագահը:

«Նախագահները քննարկել են առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը, էներգետիկայի եւ ռազմատեխնիկական ոլորտում խոշոր նախագծերի իրականացմանը, տարածաշրջանային կազմակերպություններում` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱզԷս-ում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում: - «Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հեռանկարային ներդրումային նախագծերին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարներին եւ Արագ արձագանքման հավաքական ուժերին` օրերս Ղազախստանում մեկնարկելիք «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG