Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը


Հրանտ Դինքի սպանության գործով 12-րդ դատական նիստը Բեշիքթաշի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց ոստիկանական ուժեղացված հսկողության պայմաններում:



Ոստիկանները պատնեշներ էին տեղադրել դատարանի շենքին հարող տարածքում, փակել էին հարեւանությամբ գտնվող համալսարանի շենք տանող ճանապարհը: Փոքր-ինչ հեռու տեղակայվել էին թուրքական ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու մի ջրնետ մեքենա:

Բեշիքթաշի հրապարակում առավոտից մեկնարկել էր բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում էին բացահայտել «Ագոս»-ի խմբագրի` մոտ 3 տարի առաջ կատարված սպանությունը: Նրանք կրում էին միանման սեւ շապիկներ` վրան գրված «Հանուն Հրանտի, հանուն արդարության»: Նրանց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, մեծ մասը` թուրքեր:

Ստամբուլաբնակ Սայաթը, օրինակ, հույս չունի, որ գործը հնարավոր կլինի բացահայտել. - «Սպանողը պիտի բացահայտվի, բայց նրա հետեւում կանգնածներն էլ պետք է բացահայտվեն, ինչի հույսը շատ չունենք: Դատավարությունը կավարտվի թերեւս միայն սպանողի բացահայտմամբ»:

Հոկտեմբերի 12-ի դատավարության ընթացքում Դինքի սպանությունն իրականացրած եւ նախաքննության ընթացքում խոստովանած Օգյուն Սամաստը հայտարարել է, թե չի ճանաչում այն զենքը, որով կատարվել է սպանությունը:

Հրանտ Դինքի գործընկերներից Սարգիս Սերոբյանն այս դատավարությունն անվանում է «կատակերգություն»:

«Այս դատավարությունը մինչեւ այսօր արդեն պիտի ավարտված լիներ: Որքան երկարաձգվի, կարծում եմ, այնքան կմոռացվի», - նշեց նա:

Դինքի իրավահաջորդի շահերը դատարանում պաշտպանում են մեկ ֆրանսիացի փաստաբան եւ մեկ թուրք իրավաբան:

Հատուկ այս դատական նիստին մասնակցելու համար Ստամբուլ ժամանած Ալեքս Արմեն Գոյումջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Սա լուրջ մարտահրավեր է Թուրքիայի արդարադատության համար: Հույս ունենք, որ դատական համակարգն ի վիճակի կլինի բացահայտել այս գործն այնպես, ինչպես դա արվում է ընդհատակյա «Էրգենեկոն» ցանցի պարագայում»:

Հիշեցնենք, որ անցած տարի բացահայտված «Էրգենեկոն» ցանցի եւ Դինքի սպանության կապի մասին այսօր Թուրքիայում շատ են խոսում: Տեսակետ կա, որ Դինքի սպանությունը երկրում իրավիճակը ապակայունացնելուն եւ ռազմական հեղաշրջում հրահրելուն ուղղված քայլերից մեկն էր:

«Ոչինչ կոնկրետ ասել չենք կարող, սակայն նշույլներ կան, որ ինձ համար ակնհայտ են դարձնում, որ իրական մարդասպանները նույնիսկ ոչ թե «Էրգենեկոն»-ի ներկայացուցիչներն են, այլ շատ ավելի խորը թաքնված դեմքեր», - ասաց դատարանում Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող Ֆեթիյե Չեթինը, ով նույնպես մեծ հույսեր չունի Դինքի սպանության գործի արդար դատավարության հետ կապված:

«Մենք այս դատավարությունն ավարտված կհամարենք միայն մի դեպքում, եթե բացահայտվեն իրական մեղավորները, ինչը, իմ խորին համոզմամբ, գրեթե անհնար է», - հավելեց Չեթինը:
XS
SM
MD
LG