Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյան. «Գրչի մի հարվածով հատեցին վտանգի ու արժանապատվության գիծը»


«Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը գրչի մի հարվածով հատեցին վտանգի եւ արժանապատվության գիծն ու 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հրաժարվեցին հինավուրց երկրի եւ նրա բնիկ ժառանգների հիմնարար իրավունքների, անվտանգության ու ամբողջականության տեւական պահպանման ազգային որոնումից», - հայտարարում է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայ ազգին հղած բաց նամակում:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական զույգ «արձանագրությունների» ստորագրումն իրոք կարող է դառնալ հայ ազգի դեմ կատարված եւ քողարկված ոճրագործությունների հաշվեմատյանի ամենավերջին գրառումը», - գրում է Րաֆֆի Հովհաննիսյանը «Արձանագրություններ եւ նախապայմաններ» վերտառությամբ բաց նամակում:

«Սա կեղծիք է եւ ոչ թե դիվանագիտություն», - հայտարարում է Հայաստանի առաջին արտգործնախարարը` մանրամասնելով. - «Հայերի համար ի՞նչ գին է ունենալու «բաց սահմանը», որը բոլոր քաղաքակիրթ ազգերին ընդհանրապես անվճար տրվող շնորհ է: Իհարկե` յուրաքանչյուր հայ խաղաղություն, բարգավաճում եւ բարիդրացիական հարաբերություններ է ցանկանում: Սակայն այս արձանագրություններում առկա է դրանց սոսկ շատ բարձր գին ունեցող պատրանքը: Նպատակներն ընդհանուր առմամբ ճիշտ են. հարեւանների միջեւ բաց սահմաններ եւ բնականոն դիվանագիտական հարաբերություններ ունենալը մաքուր ու ողջամիտ մղումներ են: Սակայն մեր օգտագործած միջոցները պետք է լինեն մեր ցանկալի նպատակների հետ նույնքան մաքուր ու ողջամիտ: Դժբախտաբար, հայ եւ թուրք իշխանությունների սկիզբ դրած գաղտնի դիվանագիտական գործընթացն իր հիմքում արատավոր էր, եւ այդ հիմքը դրվեց արյունոտ մի հողում, որտեղ ուժերի ակնհայտ անհամաչափությունը հարատեւում է ցայսօր»:

«Առաջին` արձանագրությունները Հայաստանից պահանջում են հրաժարվել իր օրինական պատմական իրավունքներից եւ «դե յուրե» ճանաչել Թուրքիայի «դե ֆակտո» սահմանները, որոնք գծվել եւ նախասահմանվել էին հայ ժողովրդին իր բնօրրանում ոչնչացնելու եւ հայրենի օջախից բռնի կերպով զրկելու հիման վրա: Սա անելով հանդերձ` նրանք պահանջեցին եւ, փաստորեն, ստացան հայկական նախագահականի հավանությունը մարդկության դեմ այդ աներեւակայելի ոճիրի հանդեպ, որը հայ սերունդներին զրկել է իր քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից: Երկրորդ` այս արձանագրությունները ներառում են ահաբեկչության երկուստեք դատապարտման խնդիրը` շրջանցելով, սակայն, ավելի մեծածավալ ու եղկելի ոճրագործության` Ցեղասպանության դատապարտումը: Երրորդ` արձանագրությունները պահանջում են հարաբերությունների «պատմական հարթության երկխոսություն»: Այս քայլով, որը Հայոց ցեղասպանությունը «դատարկ արձագանքի սրահի» ներսում բանտելու կողմնակալ փորձ է, ոչ միայն ձեռնոց է նետվում Ցեղասպանության անառարկելի իրողության վրա, այլեւ ապահովվում է հայկական պետության մեղսակցությունը` Թուրքիային ազատելու իր ցեղասպան գործողությունների համար որեւէ պատասխանատվությունից, - պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը իր բաց նամակում:

«Կլինի՞ հարաբերությունների բնականոնացում, թե ոչ` տակավին մշուշապատ անհայտություն է, սակայն միանշանակ է, որ այս արձանագրությունները մեզ դույզն իսկ չեն տանում հաշտեցման այն անաղարտ ու ամբողջական դաշնությանը, որը հիմնված է ճշմարտության վրա, եւ թուրք - հայկական ընդհանուր պատմության բոլոր դրվագների խիզախ ճանաչմանը` ներառյալ Մեծ եղեռնը եւ հայ ժողովրդի ազգային Հայրենազրկումը», - ասված է բաց նամակում:

«Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները զրկվել են իրենց ե'ւ ձայնը, ե'ւ ընտրությունն արտահայտելուց, որպեսզի որոշեն հույժ կարեւոր եւ էականորեն լուրջ գործընթացի արդյունքը: Գործընթաց, որը պիտի դարբնի երկու երկրների ապագա ճանապարհը: Սա հատկապես մտահոգիչ է, որովհետեւ գալիք շաբաթներին եւ ամիսներին կայացնելիք որոշումները կոչված են ճշտորոշելու ապագա սերունդների ճակատագիրը, պատմության հետ առերեսվելու շանսերը, հավաքական հիշողությունը չփոշիացնելու, թուրք - հայկական վիթխարի ջրբաժանը անկեղծորեն վերացնելու հրամայականը», - իր նամակը ամփոփում է ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG