Մատչելիության հղումներ

logo-print

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը մեկնաբանում են ադրբեջանցի քաղաքագետները


Վաֆա Գուլուզադե

Վաֆա Գուլուզադե

«Պաշտոնական Անկարան հայ - թուրքական արձանագրությունները ստորագրեց Միացյալ Նահանգների ճնշման տակ», - հայտարարել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

Գուլուզադեի խոսքով` Վաշինգտոնը այդ քայլով փորձում է նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում եւ դուրս բերել Հայաստանը Մոսկվայի ազդեցության ոլորտից:

«Ռուսաստանը, սական, հեշտորեն չի հրաժարվի Հայաստանից, եւ հենց դա է պատճառը, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին հրավիրեց Մոսկվա», - ասել է քաղաքագետը եւ կարծիք հայտնել, թե այժմ Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ քաղաքականություն են մշակելու, որից տուժելու է Թուրքիան:

Մի շարք քաղաքագետներ, մինչդեռ, կարծիք են հայտնում, թե արձանագրությունների ստորագրումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա եւ կնպաստի Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ինքն իրեն հարգող քաղաքական գործիչ է, եւ նա արձանագրությունների ստորագրումից հետո եւս մեկ անգամ հայտարարեց, որ սահմանը չի բացվի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հարցում», - հայտարարել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

«Փաստաթղթերի ստորագրումը բխում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից», - հայտարարել է փորձագետ Իլհար Մամեդովը եւ մանրամասնել. - «Մինչ օրս Հայաստանը զիջումների չէր գնում Ղարաբաղյան բանակցություններում, քանի որ Ռուսաստանը թույլ չէր տալիս դա: Մինչդեռ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիային հնարավորություն կտա հետագայում Հայաստանում ձեւավորել բոլորի կողմից վստահություն եւ հարգանք վայելող հետաքրքրությունների շրջանակ, որը Ղարաբաղյան հարցում առաջընթացի հերթական հնարավորության դեպքում այլեւս չի գործի Ռուսաստանի թելադրանքի տակ եւ կկարողանա առավել անկախ որոշումներ կայացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG