Մատչելիության հղումներ

Արձանագրությունների վավերացումը` մարտահրավեր Թուրքիայի խորհրդարանի համար


Ռիչարդ Կիրակոսյանը մամլո ասուլիսի ժամանակ - 12.10.2009

Ռիչարդ Կիրակոսյանը մամլո ասուլիսի ժամանակ - 12.10.2009

Քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մարտահրավեր է լինելու առաջին հերթին Թուրքիայի խորհրդարանի համար:

«Մենք կարող ենք ակնկալել, որ Թուրքիայի խորհրդարանը կձգձգի արձանագրությունների վավերացումը մինչեւ հաջորդ տարեսկիզբ: Պատճառը մեկն է. արձանագրությունների վավերացումից հետո ժամացույցը սկսում է աշխատել, այլ կերպ ասած` հայ-թուրքական սահմանը պետք է բացվի 60 օրվա ընթացքում», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կիրակոսյանը:

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան ուրախ է, որ պառակտում է տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, այլեւ՝ երկրի ներսում. - «Թուրքիայի տեսանկյունից այս գործընթացները թուլացրել են Հայաստանի դիրքերը, ընդ որում՝ առանց Անկարայի կողմից զիջում կատարելու»։

Ինչ վերաբերում է Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին, ապա, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, դրանք ուժերի անհավասարակշռության արդյունք էին. - «Ոչինչ չի խանգարում Թուրքիային կրկին փակել սահմանները, եւ, հավանական է, որ Թուրքիան կշարունակի իր խաղերը եւ կփորձի ավելացնել անընդունելի պահանջներ, օրինակ` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ... Թուրքիան հարգում է միայն ուժը, եւ ժամանակն է ուժեղ լինել նաեւ այդ ճակատում»:

Քաղաքագետի բնորոշմամբ, Թուրքիայի այս ռազմավարությունը արտահայտվեց նաեւ արձանագրությունների ստորագրման ժամանակ, երբ «Դավութօղլուի ծրագրված, «սադրիչ» ելույթի պատճառով ստորագրման արարողությունը որոշ ժամանակով հետաձգվեց»:

Խոսելով արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա այլ երկրների պաշտոնյաների դիրքորոշման մասին` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ «եթե շվեյցարացիներն ու ամերիկացիներն օգնեցին հայկական կողմին, ռուսներն ու եվրոպացիները մի կողմ էին քաշվել». - «Ցյուրիխում Ռուսաստանի քաղաքականությունը պետք է մտահոգի Հայաստանին, քանի որ նախարար Լավրովի չմիջամտելը թերեւս նշանակում է, որ Ռուսաստանի համար ավելի կարեւոր են ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները»:

«Անգամ սահմանների բացման պարագայում ոչ մի երաշխիք չկա, որ դրանք կարճ ժամանակ հետո նորից չեն փակվելու», - ասաց իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանն ու հավելեց. - «Մինչեւ Հայաստանի Ազգային ժողով եւ հանրապետության նախագահին վավերացման ներկայացնելը դեռ Սահմանադրական դատարանը պիտի քննի այս արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը»:

Ըստ Թովմասյանի, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ արձանագրությունների որեւէ հոդված հակասում է ՀՀ սահմանադրությանը, ապա գործընթացի հետագա ընթացքը կկասեցվի:
XS
SM
MD
LG