Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ. «Հայ - թուրքական սահմանի միակողմանի բացումը հակասում է Ադրբեջանի շահերին»


«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանց ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին», - կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախօրեին Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով հրապարակած հայտարարությունում Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ի նշան բողոքի ընդդեմ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման եւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի», ապա հավելում, թե «ադրբեջանական կողմը հենվում է մինչեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման դադարեցումը թուրք - հայկական սահմանի բացման անհնարինության վերաբերյալ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վրա»:

«Մի պետության` մեկ այլ պետության հետ հարաբերությունների որոշումը տվյալ պետության ինքնիշխան իրավունքն է: Սակայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը մինչեւ ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին եւ մթագնում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ խորը պատմական արմատների վրա կառուցված եղբայրական հարաբերությունների ոգին», - Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասված է հայտարարությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը կարծում է, որ թուրք - հայկական սահմանների «միակողմանի» բացումը հարցականի տակ կդնի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կառուցման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG