Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Եթե արտառոց իրադարձություններ չլինեն, ես գնալու եմ Բուրսա»


Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցում է լրագրողների հետ, 12 հոկտեմբերի, 2009

Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցում է լրագրողների հետ, 12 հոկտեմբերի, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով իր Բուրսա մեկնելու նախադրյալները այսօր` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, առկա են:

«Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան առանց որեւէ նախապայմանի: Խոսքը բավարար նախադրյալների առկայության մասին էր, եւ կարծում եմ, այսօր այդ նախադրյալներն առկա են», - հայտարարել է նախագահը` երկուշաբթի օրը Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցին, թե «հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է»:

«Բացի այդ, ես հարաբերություններում ընդհանրապես շատ եմ կարեւորում փոխադարձության սկզբունքը. Թուրքիայի նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, եւ ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու: Իմ գործընկերը գրավոր հրավեր է ուղարկել, եւ եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Մինչ օգոստոսի 31-ին հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրումը Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե հայ - թուրքական սահմանը բաց լինի կամ կողմերը մոտ լինեն դրան:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմանը հաջորդած հայտարարություններին, Սերժ Սարգսյանը ասել է. - «Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է առաջին հերթին ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել, խստացնել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այնուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ, եւ իմ կարծիքով, դրանք առաջին հերթին ուղղված են ադրբեջանական լսարանին: Հակառակ պարագայում ինձ համար շատ տարօրինակ է. եթե իրոք թուրքերը չեն վավերացնելու արձանագրությունները, ապա ինչո՞ւ են նախօրեին ստորագրել: Միգուցե, նրանք մտածում էին, թե մենք կարող էինք բավարար կամք չցուցադրել եւ նահանջի քայլ կատարել: Միգուցե: Բոլոր պարագաներում այսօր գնդակը թուրքական դաշտում է, եւ մենք բավարար համբերություն ունենք` սպասելու իրադարձությունների զարգացմանը: Մենք մեր քայլերի մասին հրապարակավ հայտարարել ենք եւ առանց վարանելու շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կվավերացնեն թուրքերը արձանագրությունները, ձեռնամուխ կլինեն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը, չեն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք եւ կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք»:

«Քիշնեւի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ արդեն համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը: Կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այս հայտարարությունը», - այս հարցին Հայաստանի նախագահը արձագանքել է. - «Այդ հարցազրույցի մեջ զարմանալին այն չէ, որ Ադրբեջանի նախագահը դժգոհ է բանակցությունների արդյունքներից: Զարմանալին նրա արտահայտած մի քանի մտքերն են, այդ թվում` նաեւ ձեր ասածը: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի նախագահը, եւ եթե նկատել եք` հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան: Նա չի ասում` երբ, որտեղ: Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Նա դժգոհ է բանակցությունների ընթացքից եւ արդյունքներից, որովհետեւ մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի եւ միջանկյալ կարգավիճակի հարցերը: Իսկ եթե նա դժգոհ է` ես այս հարցում նրան ոչնչով օգնել չեմ կարող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG