Մատչելիության հղումներ

Կմեկնարկի «Գնի'ր հայկականը» համազգային արշավը


Հայաստանի կառավարությունը եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» կազմակերպությունը հայտարարում են «Գնի'ր հայկականը» արշավի մասին:12-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայաստանի կառավարությունը եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» կազմակերպությունը հայտարարում են «Գնի'ր հայկականը» արշավի մասին:12-ը հոկտեմբերի, 2009թ.

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» կազմակերպությունը եւ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել են «Գնի'ր հայկականը» համազգային արշավը, որը մեկնարկելու է նոյեմբերի 1-ին։

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե արշավը պետք է խթանի հայկական արտադրատեսակի սպառումը հայակական եւ արտասահմանյան շուկաներում։

Հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնությունը պայմանավորված չէ հետագայում Թուրքիայից մեծածավալ ապրանքների ներկրման մտավախությամբ եւ այդքան որակյա՞լ է հայկական ապրանքը, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց. - «Կան ապրանքներ, որտեղ սպառողը, որակին նայելով, գնում է արտասահմանյան ապրանք գնելուն: Եվ ցավալին այն է, որ այդ ապրանքների արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել հայկական ապրանքի արժեքը: Որակյալ ապրանքը թույլ կտա, որպեսզի հետագայում մենք թույլ չտանք, որ անորակ ապրանքը գա: Որովհետեւ ավելի թանկ են Թուրքիայում ապրանքները, քան այստեղ»։

Ըստ նախարարի, նախաձեռնությունն, իհարկե, ուղղակիորեն կապված չէ թուրքական ապրանքի ներկրման հետ։ Նախարարը գտնում է, որ մարդիկ պետք է հպարտանան, որ ունեն տեղական արտադրություն եւ բերում է հայկական կոնյակի օրինակը։

Հարցին, թե բացի հայկական կոնյակից կա՞ որեւէ այլ արտադրատեսակ, որը կարող է շահագրգռել սպառողին, նախարարը արձագանքեց. - «Հայաստանը չի կարող 10 բրենդ ստեղծել աշխարհի համար: Հայաստանը պետք է կարողանա ամեն ոլորտում կամ ընտրյալ ոլորտներում մեկ-երկու բրենդ ստեղծել, մնացածը՝ դրա շղարշի ներքո վաճառել: Սա կարեւորագույն՝ ոչ միայն տեսական, այլեւ ամբողջ աշխարհի փորձը անցած դաս է, որը մենք պետք է սովորենք»:

Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգները շահագրգռված, նոյեմբերի 1-ից մեկնարկող համազգային արշավով եւ խրախուսում է հայկական արտադրատեսակի սպառումը, պատասխանեց. - «Այս ամենն արվում է Հազարամյակի մարտահրավեր ծրագրի շրջանակներում, եւ դա իրականացվում է այն բոլոր երկրների հետ, ում հետ ունենք նախապես ձեռք բերված պայմանավորվածություններ, եւ դրա նպատակն է հաղթահարել աղքատությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG