Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությունը


Նույն օրը պատվիրակությանը ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի գործակցությունը գնահատել են գերազանց: Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսեւորվել իր պարտավորությունները կատարելիս:

Կարեւորելով ԱՄՀ-ի ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին` Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաեւ Հիմնադրամի ներդրումը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը, ըստ նախագահի, պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների մասին: Նախագահը ներկայացել է տնտեսության ներկա վիճակը, խոսել ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Նշելով, որ դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ են կայացվել, երկրի ղեկավարն ասել է, որ արվում է հնարավորը` արդյունավետ օգտագործելու առկա կարողություններն ու ֆինանսական ռեսուրսները:

Կողմերը կարեւորել են տնտեսության դիվերսիֆիկացման, կառուցվածքային բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական եւ հետեւողական աշխատանքը: Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ հայ - թուրքական երկխոսության վերջին զարգացումները: Հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ-ն մշտապես կողմ է եղել բաց սահմաններին:

ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությանը երկուշաբթի օրը ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին:

Երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Հոկտեմբերի 9-15-ը ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությունը, որում ընդգրկված են Մեգ Լանդսեգերը, Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, Հի Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը, Կլաուս Շտայնը եւ Ջենս Հենրիկսոնը, կայցելի նաեւ Վրաստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան:

ԱՄՀ-ի հաղորդագրության համաձայն, չորս երկրների իշխանությունների, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում` քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ զարգացման գծով գործընկերների ներկայացուցիչների հետ հանդիպումներում պատվիրակությունը ուշադրությունը կբեւեռի միջազգային հանրության, այդ թվում` ԱՄՀ-ի կողմից այս երկրներին համաշխարհային տնտեսական ճգնաժամին արձագանքելու գործում լավագույնս աջակցելու հարցի վրա:

ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կազմում 24 տնօրեն կա, որոնք նշանակվում կամ ընտրվում են անդամ երկրների կամ երկրների խմբերի կողմից, եւ խորհուրդը պատասխանատու է հաստատության ամենօրյա աշխատանքի իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG