Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի Ազգային ժողովը շաբաթ օրը ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները օրակարգ կվերցնի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք քննարկելուց եւ համապատասխան որոշում կայացնելուց հետո: Երկուշաբթի օրը այդ մասին հայտարարեց խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Որովհետեւ սահմանները իրենք պիտի բացեն, ըստ էության: Այդտեղ պայմանավորվելու խնդիր էլ չկա, որովհետեւ խոսքը գնում է, որ Թուրքիան պիտի սահմանները բացի: Թուրքիան սահմանները բացելու համար, նախ եւ առաջ, իր խորհրդարանում պիտի քննարկի` բացում է, թե չի բացում, որ հնարավոր լինի` մենք էլ քննարկենք», - պարզաբանեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:

Ըստ Սահակյանի, հայկական կողմի դիրքորոշումը հստակ ուրվագծված է նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ուղերձում, եւ Թուրքիայի կողմից որեւէ շեղման կամ վերապահումների դեպքում Հայաստանի խորհրդարանը հարցը նույնիսկ օրակարգում չի ընդգրկի. - «Եթե որեւէ վերապահումներ ենթադրի Թուրքիան, մեր խորհրդարանը նույնիսկ օրակարգ չի մտցնի: Մենք այն սահմանները արդեն գծել ենք, որ դրանից դուրս որեւէ խորհրդածություն չի կարող լինել` ո'չ ետ ենք նահանջելու, ո'չ էլ փորձելու ենք մի այլ դիրքորոշում ցուցաբերել»:

«Այդ գծված սահմանները, փաստորեն, ընդունվեց նաեւ միջազգային հանրության կողմից, որովհետեւ որեւէ արձագանք նախագահի ուղերձի նկատմամբ չարվեց մեծ տերությունների կամ շահագրգիռ տերությունների կողմից», - հավելեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

Գալուստ Սահակյանի հավաստմամբ` «եթե այն շրջանակը, որը գծված է, դրանից ավել խնդիրներ առաջացնի Թուրքիան, բնականաբար, միջազգային նորմերի չափորոշիչներով մենք բանակցային պրոցեսը կդադարեցնենք»:

Հանրապետական խմբակցության ղեկավարի կանխատեսմամբ` Թուրքիայի ներսում քննարկումները թեժ են լինելու, քանի որ առանց թուրքական նախապայմանների գործընթացին ընդդիմացողները շատ են, բայց եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, ապա, Գալուստ Սահակյանի համոզմամբ, դժվարին կացության մեջ հենց իրենք են ընկնելու. - «Մենք այստեղ, իհարկե, չենք շահում, բայց ոչինչ էլ չենք կորցնում: Ցանկացած դեպքում` վատ վիճակի մեջ կընկնի Թուրքիան, որովհետեւ, վերջին հաշվով, այն արտգործնախարարները, որոնք ստորագրման պահին այնտեղ էին, այդ պետությունների երաշխավորությունն էր ստորագրված փաստաթղթին: Վերջին հաշվով, միջազգային հանրության առջեւ` հանձինս երեք պետությունների, որոշակի պիտի կարողանա պատասխաններ տալ Թուրքիան»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործընթացը որակեց «ցյուրիխյան ուրացում», համոզված է, որ իշխանությունները՝ ի դեմս նախագահի, շարունակում են կեղծել։

Իրականում, նրա համոզմամբ, Հայաստանին պարտադրվում է սահմանը բացելու դիմաց ուրանալ Ցեղասպանության փաստը:

Ավելին` Զուրաբյանի ձեւակերպմամբ՝ Ցեղասպանությունն ուրանալու գնով էլ Հայաստանը չի ստանում բաց սահման, քանի որ Թուրքիան ե'ւ մինչեւ ստորագրումը, ե'ւ ստորագրումից հետո շարունակում է սահմանի բացումը կապել Ղարաբաղյան խնդրում առաջընթացի հետ:

«Հայաստանի իշխանությունները, ըստ էության, ստել են, երբ ասել են, որ նրանց հաջողվել է տարանջատել այս հարցերը՝ հայ-թուրքական կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից», - հայտարարեց Զուրաբյանը:

Իսկ Ցյուրիխում, նրա կարծիքով, իշխանությունները պայքարում էին ոչ թե արձանագրություններում փոփոխություններ մտցնելու դեմ, այլ որպեսզի ցյուրիխյան գործարքի ամբողջ էությունը չբացահայտվի ժողովրդի համար:

Ինչ վերաբերում է երկու երկրների խորհրդարանների վավերացմանը, ապա, ըստ Զուրաբյանի, եթե նույնիսկ խորհրդարանները չվավերացնեն արձանագրությունները, Ցյուրիխում Թուրքիան ստացել է այն, ինչ իրեն պետք էր՝ արձանագրությունների ստորագրմամբ կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

Ընդդիմադիր կեցվածք որդեգրած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է, որ վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում։ Երկուշաբթի օրը ՀՅԴ-ի Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարեց, որ այդ նպատակին հասնելու համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին՝ ընդհուպ մինչեւ իշխանափոխություն:

Մանոյանը համամիտ չէ իշխանությունների այն դիրքորոշմանը, որ պետք է սպասել Թուրքիայի խորհրդարանի որոշմանը, որից հետո միայն արձանագրություններն ընդգրկել Ազգային ժողովի օրակարգում: Նրա խոսքով, դա նշանակում է «էլի պատանդ մնալ թուրքական կողմին»:
XS
SM
MD
LG