Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սատարում է հայ-թուրքական մերձեցման գործընթացը


«Հայաստանի եւ Թուրքիայի որոշումը երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ կնպաստի նաեւ նրանց հարաբերությունների ամրապնդմանը Բրյուսելի հետ», - շաբաթ օրը Ցյուրիխում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան:

Սոլանան, հիշեցնենք, ներկա է գտնվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների ստորագրմանը։

«Մենք սատարում ենք այս գործընթացը, որը շահեկան է բոլորի՝ ե'ւ Եվրամիության, ե'ւ գործընթացում ներգրավված երկրների, ե'ւ ողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Սոլանան: - «Այն հանգամանքը, որ ես ներկա եմ գտնվում արձանագրությունների ստորագրման արարողությանը, հուշում է, որ Եվրամիությունը բավարարված է գործընթացով»։

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ նշել է, թե պաշտոնական Բրյուսելը շատ գոհ է համաձայնությունից ու հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարանները արագորեն կվավերացնեն ստորագրվող արձանագրությունները։

«Ես մեծ հույսեր ունեմ, որ վավերացման գործընթացը կիրականացվի շատ արագ, ինչին կհետեւի արձանագրությունների արագ իրագործումը», - ասել է Սոլանան:

Արձանագրությունների ստորագրումը պաշտպանել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները` ընդգծելով, որ դա կնպաստի երկու երկրների եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների բարելավմանը։ Պնդելով, թե սա պատմական իրադարձություն է՝ Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է. - «Հույս ունեմ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մինչեւ այս տարեվերջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG