Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։

«Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մեջ դնել հարաբերությունները մի երկրի հետ, որտեղ օսմանյան կայսրության տիրապետության տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականություն է իրականացվել։ Ցեղասպանության վերքը չի սպիանում։ Եվ մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետականություն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք։ Այդ ճանապարհի կարեւոր քայլերից մեկը մենք համարում ենք բոլոր հարեւանների, այդ թվում Թուրքիայի հետ բնականոն կապերի հաստատումը », - ասված է, մասնավորապես, նախագահի ուղերձում: - «Անկախությունը պահանջում է նաեւ պատասխանատու վճիռներ կայացնելու կամք ու վճռականություն, պահանջում է իրատեսություն ու հեռանկարին միտված հետեւողական աշխատանք։ Ես ընտրել եմ այդ ճանապարհը։ Ընտրել եմ պատմական պահի պատասխանատվության խոր զգացումով ու մեր ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հավատով»։

Նշելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի՝ նախագահ Սարգսյանը «իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները, համոզված լինելով ձեռնարկված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ», պնդում է. - «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը։ Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից։ Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն։ Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում:

Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է։ Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչություն ունեցող հիշատակում:

Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա։ Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որեւէ պարտավորություն, չի կատարում որեւէ հաստատում։ Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով։ Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»։

«Դիմելով ձեզ, սիրելի՛ բարեկամներ, առանձնակի կարեւորությամբ ընդգծում եմ. այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք։ Սա է ապագայի մեր ճանապարհը», - գրում է նախագահ Սարգսյանը։ - «Արձանագրությունների ստորագրումից հետո սկսվելու են դրանց վավերացման եւ իրականացման փուլերը։ Բոլոր մտահոգությունները, հնարավոր վտանգները, որոնք այնքան լիուլի հնչեցվեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշվի են առնվելու, եւ մենք պետք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում։ Այսօր ես ավելի քան վստահ եմ, որ կկարողանանք։ Ու միասին ենք անելու, ողջ հայությամբ։ Մենք այսօր նույնը չենք, ինչպես ընդամենը ամիսներ առաջ։ Սա այլեւս փաստ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG