Մատչելիության հղումներ

Դաշնակցությունն անցկացրեց բողոքի երթ ու հանրահավաք


Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ ուրբաթ օրը Երեւանում անցկացվեց բազմամարդ երթ ու հանրահավաք՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման:



Բազմահազարանոց երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից ու ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ հանրահավաքով:

Երթի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է այն «կարմիր գիծը», որից հետո Դաշնակցությունը կպահանջի նախագահի հրաժարականը, պատասխանեց. - «Եթե հաստատեն [արձանագրությունները]»:

Հարցին, թե նշանակո՞ւմ է դա արդյոք, թե արձանագրությունների՝ Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո են իրենք բարձրացնելու են իշխանափոխության պահանջը, Մարգարյանը արձագանքեց. - «Բնականաբար, մենք այսօրվանից դա սկսել ենք: Այսօրվանից էլ մենք հրապարակ ենք գալիս իբրեւ իշխանության ալտերնատիվ, եւ անելու ենք ամեն ինչ, որ ժողովուրդը իր գիտակից ընտրությամբ բերի մի ուժ իշխանության, որ վաղը չփոշմանի»:

«Եթե իշխանությունները ականջ ունեն, ապա մեզ կհաջողվի այս երթով կասեցնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, իսկ եթե ոչ` ապա, բնականաբար, այս ցույցը, երթը կվերածվի այլ քայլերի», - հավելեց Հրանտ Մարգարյանը:

Հանրապետության հրապարակից երթի մասնակիցները Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որպեսզի նախագահական նստավայր հանձնեն ՀՅԴ եւ նրանց միացած մյուս 11 քաղաքական ուժերի դիմում-պահանջը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հավատում է, որ երթով եւ հանրահավաքով հնարավոր է կասեցնել արձանագրությունների ստորագրումը, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասաց. - «Ես առնվազն վստահ եմ, որ մենք Ազգային ժողովում, եթե ժողովրդի ալիքը այս ուժգնությամբ բարձրանա, ոչ թե քվեարկելու խնդիրը կքննարկենք, այլ՝ բարեփոխումների, վերապահումների»:

Հովհաննիսյանը նույնպես ասաց, որ արձանագրությունների վավերացման դեպքում Դաշնակցությունը սկսելու է իշխանափոխության գործընթաց:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսը նույնպես պահանջում է իշխանափոխություն, արձագանքեց. - «Հայ ազգային կոնգրեսը իշխանափոխություն է պահանջում, որպեսզի ինքը գա իշխանության։ Մեկ միայն հարցի հետ կապված են իրենք վերապահում կատարում՝ դա Ցեղասպանության խնդիրն է: Բայց դա շատ քիչ է, որովհետեւ այս փաթեթի մեջ շատ լուրջ վտանգներ կան, որոնք Հայ ազգային կոնգրեսը չի ուզում արձանագրել»:

Հարցին, թե կհամագործակցեն իշխանափոխության հարցում ՀԱԿ-ի հետ, Ռուստամյանը պատասխանեց. - «Մեր համար իշխանափոխությունը միջոց է հանդիսանալու՝ այս իրավիճակը շտկելու: Իրենց համար դա նպատակ է»:


Նախագահական նստավայրի մոտ երթի մասնակիցներին արդեն սպասում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը։ Արմեն Ռուստամյանը նրան հանձնեց դիմում-պահանջը։ Այնուհետեւ Ռուստամյանը երթի մասնակիցների համար ընթերցեց այն:

«Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու ու հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը՝ մենք վճռական «ոչ» ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագրություններին: Մենք ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք: Հակառակ պարագայում դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար», - մասնավորապես, ասված է դիմում-պահանջում:

Այնուհետեւ երթը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի ունեցավ հանրահավաքը։

Հանրահավաքի իր ելույթում Արմեն Ռուստամյանը նշեց. - «Ինչ քայլ որ անհրաժեշտ է տվյալ պահին կատարել, այդ քայլը մենք չենք ուշացնի: Եթե բերեցին, վավերացրին… ուրեմն կգնանք իշխանափոխության»:

«Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ: Մեզ համար իշխանափոխությունը կարող է դառնալ միջոց մեր հիմնական խնդիրը լուծելու համար: Եթե մեզ հասցրեցին այդ միջոցը կիրառելու, մենք այդ միջոցը կկիրառենք: Մենք ուզում ենք սիստեմը փոխել՝ կառավարությունում, Ազգային ժողովով եւ նախագահով: Եթե ժողովրդի ձայնը չլսվեց, մենք չենք դնելու պարզունակ հրաժարականի խնդիր: Մենք դնելու ենք ամբողջական իշխանափոխության խնդիր», - հանրահավաքի ամբիոնից ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG