Մատչելիության հղումներ

logo-print

Մարի Յովանովիչը «շատ կարեւոր քայլ է» համարում արձանագրությունների ստորագրումը


«Կարծում եմ, որ վաղը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ կարեւոր քայլ կլինի հայ-թուրքական հարաբերությումնների կարգավորումը առաջ մղելու առումով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ուրբաթ օրը ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:



«Եվ ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլեւ ողջ տարածաշրջանի համար», - շարունակեց դեսպանը։ - «Մեկ տարի առաջ, երբ Երեւան եկավ Թուրքիայի նախագահ Գյուլը` դիտելու երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ընդամենը մեկ տարի հետո Հայաստանն ու Թուրքիան պատրաստ կլինեն ստորագրել հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը վերաբերող այս արձանագրությունները»:

Նրա խոսքով, բաց սահմանները չափազանց կարեւոր կլինեն Հայաստանի համար` համաշխարհային առեւտրին մասնակից լինելու առումով. - «Երկիրը, որի չորս սահմաններից երկուսը ներկայումս փակ են, բավական կշահի Թուրքիայի հետ բաց սահման ունենալուց։ Դա դրականորեն կանդրադառնա մարդկանց կյանքի, բարեկեցության վրա: Ուղղակի տրանսպորտային կապ ունենալու շնորհիվ կիջնի ապրանքների տեղափոխման արժեքը, մոտ 25 տոկոսով կիջնի ապրանքների գինը, ինչը շատ օգտակար կլինի հայաստանցի սպառողների համար։ Դրական հեռանկարներ կբացվեն նաեւ գործազրկության նվազման տեսակետից։ Մեծ հնարավորություններ կբացվեն նաեւ այստեղ արտասահմանյան ներդրումներ կատարելու առումով։ Հայաստանի, Թուրքիայի, առհասարակ, արտերկրի, մասնավորապես, Միացյալ Նահանգների ներդրողների համար ավելի հրապուրիչ կլինի ներդրումներ անել ոչ թե 3 միլիոնանոց հայաստանյան շուկայում, այլ 80 միլիոնանոց շուկայում, որին մաս են կազմում Թուրքիան, Հայաստանը, Վրաստանը»։

Դեսպանի խոսքով, այս գործընթացները կարեւոր կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության տեսակետից:

Հանգամանքը, որ Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է ներկա գտնվի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, Յովանովիչի խոսքերով, հավաստումն է այն իրողության, որ Վաշինգտոնը մեծ կարեւորություն է տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման բարեհաջող ընթացքին. - «Մենք միշտ փորձել ենք օժանդակել եւ օգտակար լինել այս գործընթացին։ Դա արել է նաեւ միջնորդ Շվեյցարիան. արձագանքելով կողմերի խնդրանքներին` նպաստել կարգավորման առաջ մղմանը։ Պետքարտուղարի ներկայությունը մի լրացուցիչ առհավատչյա է` սատարելուն միտված մեր դիրքորոշմանը»:

Դիտարկմանը, թե հանրային քննարկումների ժամանակ Հայաստանում եւ սփյուռքում որոշակի հակազդեցություն դրսեւորվեց նախաստորագրված արձանագրությունների հանդեպ, եւ հարցին, թե իմաստ ունի՞ ստորագրել դրանք նման հակազդեցության պայմաններում, եւ վտանգ չկա՞ արդյոք, որ արդեն իսկ ստորագրված փաստաթղթերը կարող են հետագայում կյանքի չկոչվել, դեսպանը պատասխանեց. - «Ինչ խոսք, սա իրոք վիճահարույց խնդիր է։ Սա մի խիզախ քայլ է` կատարված ինչպես նախագահ Սարգսյանի, այնպես էլ Թուրքիայի ղեկավարության կողմից։ Եվ, ես կարծում եմ, որ հակազդեցությունը Հայաստանում, արտերկրում, եւ մասնավորապես, Միացյալ Նահանգներում, շատ բնական է։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ կան շատ մարդիկ, ովքեր այս արձանագրությունների ստորագրման եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համոզված կողմնակիցներ են։ Ես խոսել եմ նրանցից շատերի հետ եւ պետք է ասեմ, որ այդ մարդիկ չեն պնդում, թե արձանագրություններում ամեն բառ հիանալի է, բայց համոզված են, որ հիմնական միտումը դրական է»:

Պատմաբանների ենթահանձնաժողովին առնչվող մտահոգությունների կապակցությամբ դեսպանը նշեց. - «Մեծ եղեռնի հարցը չափազանց կարեւոր է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար, եւ կարծում եմ, որ դա ընդհանուր հարցերի շարքում քննարկման ենթակա անխուսափելի կողմնակի բաղադրիչներից է»։

Ի պատասխան դիտարկմանը, որ չնայած Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ հայ պաշտոնատարների հավաստիացումներին, թե հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացնեը ինքնուրույն են ու փոխկապակցված չեն, Հայաստանում շատերը մտահոգված են, որ Թուրքիան, այնուամենայնիվ, կապում է այդ երկու հարցերը, Յովանովիչը ասաց. - «Նախագահ Սարգսյանն իր խոսքում միանգամայն հստակ կերպով նշել է, որ այդ երկու հարցերի միջեւ կապ չկա։ Վերջերս նա հեռուստատեսությամբ նաեւ ասել է, որ տարածաշրջանում ցանկացած կնճռի, այդ թվում` նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք եւս կարծում եմ, որ Հայաստանի շահերից է բխում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի, ինչն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար»։

Մարի Յովանովիչը համամիտ չէր Հայաստանի ընդդիմադիր շրջանակներից հնչող այն կարծիքներին, որ Արեւմուտքն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները, խրախուսելով Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունները, անտեսում են Հայաստանում ժողովրդավարության ոչ բավարար վիճակը։ Ըստ նրա, Միացյալ Նահագները մշտապես իրենց ուշադրության ծիրում է պահել եւ այժմ էլ պահում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, խոսքի եւ մամուլի ազատության հետ կապված հարցերը։

Յովանովիչի խոսքով, իրենք այս համատեքստում մշտական խորհրդատվություններ են անցկացնում ինչպես Հայաստանի պաշտոնատարների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերխությունների հետ։ Նա հիշեցրեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի այն ընդգծումը, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելը մնում է իբրեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություն։

«Դա չափազանց կարեւոր է մեզ համար», - եզրափակեց Մարի Յովանովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG