Մատչելիության հղումներ

Ավարտվեց 7-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնը


Հինգշաբթի երեկոյան ավարտվեց «Հայֆեստ» թատերական միջազգային 7-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվում էր Հայաստանի նախագահի, կառավարության եւ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի անցկացման համար նախարարությունը 35 միլիոն դրամ էր հատկացրել։

Այս տարի փառատոնին մասնակցեց 33 թատերախումբ 22 երկրից` ներկայացնելով ավելի քան 50 բեմադրություն երեւանյան տարբեր թատրոններում: «Հայֆեստ»-ի շրջանակներում տեղի ունեցան նաեւ բացօթյա բեմադրություններ, որոնք տարեցտարի ավելի մեծ թվով հանդիսականների ուշադրությանն են արժանանում։

«Հայֆեստ»-ի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը ուրբաթ օրը լրագրողներին ասաց, որ տարեցտարի ավելանում է «Հայֆեստ»-ի հանդիսականների թիվը, փառատոնն ավելի մեծ ուշադրության է արժանանում:

Անձամբ իր համար այս տարի ամենալավ ներկայացումը Ֆիլիպ Ժանտիի թատրոնի «Զիգմունդ Ֆոլի» բեմադրությունն էր, իսկ հյուրերը տեղական թատերախմբերից ամենաշատը տպավորվել էին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի, Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ի, «Միհր» թատրոնի բեմադրություններից, որոնք, նրանց համոզմամբ, համապատասխանում են այսօրվա եվրոպական չափանիշներին։

Հավելենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնին մասնակցում էին հեղինակավոր թատերագետներ, ովքեր նաեւ վարպետության դասեր եւ սեմինարներ վարեցին մեր երիտասարդ թատերական գործիչների համար։ Այս տարի Երեւան էին ժամանել պրոֆեսորներ Նոյել Վիթսը եւ Փիթ Բրուքսը՝ Լոնդոնի արվեստի համալսարանից, Յանա Պրեկովան՝ Պրահայի Թատերանկարչության եւ բեմանկարչության Կվադրիենալեից, այլոք: Նրանք բոլորն էլ շատ բարձր գնահատեցին «Հայֆեստ» փառատոնը՝ շեշտելով, որ սա Եվրոպային ինտեգրվելու լավագույն ձեւերից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG